Life.panorama.am-ը գրում է.
«Կանանց միջազգային օրվա» կապակցությամբ Life.panorama.am-ը զրուցել է դերասան Լեւս Դավթյանի հետ: Զրույցի թեման կինն է, կնոջ առավելություններն ու թերությունները, տղամարդու կյանքում նրա դերն ու կարեւորությունը:
Լեւս, նախեւառաջ, կցանկանամ լսել Ձեր շնորհավորանքը՝ Ձեր ցանկալի կանանց:
- Առաջին հերթին շնորհավորում եմ մայրիկիս ու երկու քույրերիս: Շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկներին ու մաղթում, որ ամենակարեւորը հանդուրժող լինեն, ինչպես նաեւ լինեն գեղեցիկ, սիրող ու սիրված: Թող որ նրանք միշտ մեր կողքին լինեն, իսկ ովքեր մեր կողքին չեն, թող գան այդ մտքին, որ էլի մեր կողքին լինեն: Ի դեպ՝ կանանց տոները չեմ սիրում, պատկերացնում եք՝ ինչքան մարդու պետք է նվեր գնեմ: (Կատակում է)
Ծաղիկներ սիրո՞ւմ եք նվիրել:
- Չէ, չեմ սիրում նվիրել այն, ինչից շատ է. այդ դեպքում դժվարանում եմ ընտրություն կատարել: Գերադասում եմ ծաղկի փոխարեն, օրինակ, յուրօրինակ զարդ կամ օծանելիք նվիրել: Ի դեպ՝ նվերներ նվիրել շատ եմ սիրում ու հաճույքով եմ ընտրում:
Լեւս, կնոջ մեջ ի՞նչն եք ամենշատը գնահատում:
- Միանշանակ, հավատարմությունը: Իհարկե, կարեւոր է նաեւ կանացիությունն ու կիրքը:
Ըստ Ձեզ, ե՞րբ է կինը երջանիկ:
- Երբ միշտ զգում է, որ տղամարդու ուշադրության ամենակենտրոնում է:
Իսկ ինչի՞ հետ է կապված տղամարդու ուշադրության չափաքանակը:
- Տղամարդու ուշադրությունը միշտ կախված է կնոջ հետաքրքրությունից: Որքան կինը հետաքրքիր լինի տղամարդուն, այնքան վերջինս ներքին վախ կունենա, որպեսզի չկորցնի իր սիրելի կնոջը: Իսկ ներքին վախը կստիպի տղամարդուն մեծ ուշադրություն ու սեր ցուցաբերել իր կնոջը:
Կինը, ե՞րբ է Ձեզ հետաքրքիր:
- Իհարկե, մարդուն առաջինը նայելիս՝ արտաքինն է աչքի ընկնում: Ես սիրում եմ, երբ աղջիկը խնամված ու կոկիկ է լինում: Բայց ամենակարեւորն ինձ համար կնոջ հումորի զգացումն է: Դա իր մոտ պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի, որովհետեւ, երբ բացակայում է հումորն ու ինտելեկտը, ապա ամենալավ ու շքեղ պարամետրերով աղջիկն անգամ անհետաքրքիր է: