«Ես դա հատուկ չեմ անում». երգչուհի Նառան՝ նոր տեսահոլովակի մասին և ոչ միայն
LIFEExclusive
Երգչուհի Նառան, թեև այնքան էլ հաճախակի չի երևում էկրաններին, միշտ սիրված և սպասված է: Կանանց միամսյակի առթիվ երգչուհին երեկ ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ «Սեր և բաժանում»:
Past.am-ը որոշեց շնորհավորել մեր երկրի ամենականացիների շարքում գտնվող երգչուհուն՝ տոնի և նոր տեսահոլովակի առթիվ:
«Տևական լռությանս պատճառն ուղղակի ընտանեկան գործերն ու հոգսերն են: Ինձ նվիրեցին այս շատ գեղեցիկ երգը, և ես որոշեցի հենց սրանով խախտել լռությունս»,- երգչուհին այսպես է մեկնաբանում վերջին շրջանի իր պասիվությունը:
Երաժշտությունը գրել է Արթուր Գրիգորյանը, խոսքերի հեղինակը երգչուհու մոտ ընկերուհի Անիտա Հախվերդյանն է, գործիքավորումն արել է Արա Թորոսյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է:
«Հենց այս գեղեցիկ թիմի հետ էլ ծնվեց իմ նոր պոզիտիվ, ուրախ տեսահոլովակը՝ չնայած նրանում «բաժանում» բառը կա: Պատճառն այն է, որ բաժանումից հետո միշտ կա սեր»:
Հարցին, թե իրեն ինչպես է հաջողվում ամեն օր էկրաններին չերևալով՝ էլի սիրված լինել, երգչուհին պատասխանեց.
«Ես դա հատուկ չեմ անում ու դրա համար հատուկ ոչինչ չեմ անում: Ինքս եմ իմ հայ ազգին, իմ ժողովրդին շատ սիրում և միգուցե դրա համար եմ պատասխան սեր ստանում»:
Չնայած շատ զբաղվածությանը՝ երգչուհին հավատացնում է, որ հասցնում է ընտանիքի լիարժեք կին, մայր և տատիկ լինել.
«Ամեն-ամեն ինչ հացնում եմ: Մարդ պետք է միայն ցանկություն ունենա և ամեն ինչ կհասցնի, եթե առողջ է»:
Մարիամ Նալբանդյան