Մերի Հակոբյանը պատմել է, թե ինչու է գեղեցկության մրցույթում ինքը ներկայացնելու Հայաստանը
PHOTOCosta Blanca Fashion Week - International Best Male and Female World 2017 մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի Մերի Հակոբյանը: BlogNews.am-ի հետ զրույցում Մերին մանրամասներ է պատմել կայանալիք մրցույթի և իր մասնակցության մասին. «Ինձ առաջարկ եղավ Հայաստանը ներկայացնելու, և քանի որ մենք ունենք այնպիսի լավ մասնագետներ, ովքեր վստահ են, որ մրցույթի ուղարկող մարդուց կարող են ստանալ այն, ինչ սպասում են, ընտրեցին ինձ: Ես ինձ փորձում եմ տարբեր ասպարեզներում դրսևորել, և ամեն դեպքում ստացվում է, այս ասպարեզն էլ բացառություն չի լինի, կարծում եմ»:
Մերի մոտ մեկ ու կես ամիս ունի պատրաստվելու և այս ընթացքը լիարժեք կօգտագործի լավ ներկայանալու համար, չնայած նշում է, որ աշխատանքային զբաղվածությունը շատ է. «Պետք է ասեմ, որ մայիսին 5-15 ընկած ժամանակահատվածում նկարահանումներ ունեմ. նոր նախագիծ եմ սկսում, որը մինչև գնալս պետք է նկարահանվի»:
Այս մրցույթում մասնակցում է նաև Շուշաննա Երիցյանն, ով ներկայացնում է Արցախը: Մերին նշում է, որ ուրախ է Շուշանի հետ նույն մրցույթում մասնակցելու համար. «Շուշանն իմ ամենամտերիմ ընկերուհին է, և բնավ էլ մենք մրցակիցներ չենք: Սրանից լավ անակնկալ կյանքը մեզ չէր կարող մատուցել: Շատ եմ ուզում, որ Շուշանը լինի առաջին հորիզոնականում, որպեսզի Արցախի անունը հնչի և քննարկվի: Նրա հաղթանակը բոլորիս պատիվն է»:
Մերին նաև նշում է, որ արդեն տեսել է մրցակիցների լուսանկարները. ի դեպ՝ սա առաջին դեպք է, երբ դերասանուհին բեմ է բարձրանալու լողազգեստով. «Սա միջազգային մրցույթ է, որի կանոնների մեջ է մտնում լողազգեստով ներկայանալը. այս դեպքում կոմպլեքսավորվածությունը մի քիչ անիմաստ է: Պետք է պարզապես լավ ներկայանալ: Սա մի հնարավորություն է, որտեղ մասնակցելուց հետո կարող ես էլ ավելի լավ առաջարկներ ստանալ, լուսանկարվել ճանաչում ունեցող ամսագրերում, իսկ հաղթողը դրամական պարգև է ստանում, բայց թե որքան, չեմ կարող նշել»: