Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների թիվը հասել է հինգի
SOCIETY Հինգ մարդ, ներառյալ հարձակվողը, զոհվել եւ ավելի քան 40-ը վիրավորվել են Լոնդոնի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով: Ոստիկանությունը կարծում Է, որ Վեստմինստերյան կամրջին անցորդներին վրաերթի ենթարկած եւ ոստիկանին դանակահարած չարագործը կարող Է կապված լինել արմատական իսլամիստների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մարտի 22-ի ցերեկը տեղական ժամանակով 14:40-ին (Երեւանի ժամանակով 18:40-ին) տղամարդն ավտոմոբիլով կանխամտածված անցել Է Վեստմինստերյան կամրջի մայթ եւ սկսել տակը գցել անցորդներին: Այնուհետեւ ավտոմոբիլը թեքվել Է դեպի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքը եւ բախվել Վեստմինստերյան պալատի պարսպին: Ղեկի առջեւ գտնվող տղամարդը դանակով դուրս Է նետվել ավտոմեքենայից եւ վազել դեպի խորհրդարանի շենքը, որտեղ նրա ճանապարը փակել են ոստիկանները:
Տղամարդը դանակով հարձակվել Է անզեն ոստիկանի վրա: Այնուհետեւ վրա Է հասել զինված ոստիկանական կարգախումբը, որը գնդակահարել Է հարձակվողին:
Արդեն ուշ երեկոյան Սկոթլանդ յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին հայտնել Է, որ չարագործի ինքնությունն արդեն պարզվել Է, սակայն մանրամասնությունների մեջ չի մտել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատահարը որակել Է հրեշավոր եւ նողկալի հարձակում: Ահաբեկչական գործողությունից շատ չանցած Մեյը հրավիրել Է արտակարգ իրավիճակների կառավարական կոմիտեի՝ COBRA-ի նիստ: «Հարձակման վայրն ընտրվել Է ոչ պատահաբար: Ահաբեկիչը որոշել Էր հարված հասցնել մեր երկրի հենց սրտում»,- լրագրողներին հայտարարել Է Մեյն այդ նիստից հետո:
Սկոթլանդ յարդն ասում Է, որ հարձակվողը գործել Է միայնակ: Միեւնույն ժամանակ ոստիկանությունն ստուգում Է, թե նա գործել Է արդյոք սեփական նախաձեռնությամբ, թե ունեցել Է հանցակիցներ: Իշխանությունները պարզում են բազաթիվ տուժածների ինքնությունը: Հարձակման պահին Վեստմինստերյան կամրջին Էին գտնվում մի խումբ ֆրանսիացի դպրոցականներ, նրանցից երեքը վիրավորվել են:
Տուժել են նաեւ երեք ոստիկաններ, որոնք գնում Էին կամրջով՝ վերադառնալով պարգեւատրման արարողությունից: Վիրավորների թվում են Լանքաշիրի կոմսության Էջ Հիլի համալսարանի չորս ուսանողներ: Լոնդոնի «շտապ օգնության» աշխատակիցները հայտարարել են, որ լուրջ վնասվածքներով 12 մարդ տեղափոխվել Է հիվանդանոցներ:
Առայժմ ծայրահեղական կազմակերպություններից ոչ մեկը չի ստանձնել լոնդոնյան հարձակման պատասխանատվությունը, որն իր սցենարով նման Է Նիսում եւ Բեռլինում կատարված ահաբեկչական գործողություններին, որտեղ հանցագործներն ավտոմեքենայի տակ են գցել մարդկանց, ինչպես նաեւ Իսրայելում, որտեղ նմանօրինակ գրոհները լայն տարածում Էին գտել ոչ վաղ անցյալում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



