Կառավարությունը չգազաֆիկացված տարածքների ջեռուցման հարցը կքննարկի «Գազպրոմ Արմենիա»-ի հետ
ECONOMICSՀայաստանում գազաֆիկացման մակարդակը կազմում է 94-96 տոկոս, ինչը չափազանց մեծ ձեռքբերում է գազ չունեցող երկրի պարագայում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի ուսումնասիրությունների, ինչպես նաև համաքաղաքացիների հետ հանդիպումների արդյունքում պարզ է դառնում, որ չգազաֆիկացված տարածքներում առկա են ջեռուցման և նվազագույն կենցաղային պայմանների ապահ ովման խնդիրներ, ինչն անընդունելի է:
«Ելնելով վերոհիշյալից՝ հանձնարարում եմ ՀՀ մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ 1-ամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել գազաֆիկացման խնդիր ունեցող բոլոր տարածքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին՝ առաջին կետով նախատեսված տեղեկատվությունը ստանալուն պես, 1-ամսյա ժամկետում, հստակ հաշվարկել համապատասխան վայրերում գազաֆիկացում իրականացնելու ծախսերը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ, միաժամանակ, որպես նշյալ խնդրի լուծման տարբերակ՝ հաշվի առնել նաև ապահովման այլընտրանքային առաջարկները, մասնավորապես՝ արևային մարտկոցները, պելետային կաթսաները, վառարանները և այլ տարբերակներ։ Արդյունքում՝ Կառավարության աշխատակազմ ներկայացնել թե՛ մատակարարողի և թե՛ սպառողի համար առավել փոխշահավետ լուծման տարբերակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը: