Նոր անուն հայկական շոու բիզնեսում. Նոնա Համբարյանը՝ նոր տեսահոլովակի և ապագա գործունեության մասին
PHOTOLife.panorama.am-ը գրում է
Հայկական շոու բիզնեսը նոր անուն ունի՝ Նոնա Համբարյան: Երիտասարդ երգչուհին օրերս ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը, որը նկարահանել է իր հեղինակային «Don’t Lose Your Faith» երգի հիման վրա:
Life.panorama.am-ի հետ զրույցում Նոնան պատմեց, որ ի սկզբանե ցանկություն է ունեցել այս ասպարեզ մուտք գործել որակյալ աշխատանքով, այդ իսկ պատճառով էլ Հայաստանում երգը բարձրակարգ մասնագետների օգնությամբ ձայնագրելուց հետո որոշել է երգի Mastering-ի համար դիմել եվրոպացի մասնագետների.
««Don’t Lose Your Faith» երգի Mastering-ն իրականացվել է Շվեդիայում՝ հայտնի «Monster Lab Audio» կազմակերպության կողմից, մասնավորապես՝ «Mastering Engineer Eric Broyhill»-ի կողմից, ով աշխատում է բազմաթիվ աշխարհահռչակ աստղերի հետ:
Տեսահոլովակն էլ որոշեցինք նկարահանել Մոսկվայում ու վստահել FD Prodaction-ին: Մենք ցանկություն ունեինք տեսահոլովակը չծանրացնել ավելորդ սյուժետային գծերով, ուզում էինք, որ այն լիներ մինիմալիստական լուծումներով: Ի դեպ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել հորեղբորս՝ Ռուբեն Շահբազյանցին, ում օգնությամբ նկարահանեցինք տեսահոլովակս, նաեւ եղբորս՝ Գարիկ Համբարյանին, ով զբաղվում է իմ պրոդյուսինգով եւ ամեն հարցում կողքիս է»,- նշեց երգչուհին:
Օրեր առաջ «Don’t Lose Your Faith» տեսահոլովակի շնորհանդեսը իրականացվել է նաեւ համաշխարհային շոու բիզնեսում բարձր վարկանիշ ունեցող «VEVO» վիդեոկայքում: Հետաքրքրվելով թե ինչպե՞ս է երիտասարդ երգչուհուն հաջողվել համագործակցել նման հայտնի ընկերությունների հետ, պատասխանեց.
«Ամենն իրականացրել է եղբայրս: Նա նամակ էր գրել թե «Monster Lab Audio կազմակերպությանը», թե «VEVO»-ին, որոնք էլ ծանոթանալով իմ աշխատանքին, միասին համագործակցելու համաձայնություն էին տվել: Ուրախ եմ, որ նրանք եւս հավանել են այն, ինչ ես արել եմ: Իսկ ես փորձել եմ երաժշտական մասով ու առհասարակ բարձր մակարդակով ներկայանալ»:
Երգի խոսքերի հեղինակը Սյուզաննա Խանզադյանն է: Հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է երգչուհին որոշել առաջինը անգլերենով ներկայանալ, նկատեց.
«Ես մեծ երազանք ունեմ՝ փորձել աշխատել ոչ միայն հայ հանդիսատեսի համար: Անգլերենը շատ ավելի լայն մասսաներին հասկանալի կլինի, գուցե կարողանամ սիրվել նաեւ եվրոպացի հանդիսատեսի կողմից: Թեեւ, ինչ խոսք, առջեւում շատ աշխատանքներ են սպասվում եւ հաստատ հայերեն կատարումներ եւս կլինեն»:
Մեզ հետ զրույցի վերջում Նոնան նշեց.
«Ծրագրեր շատ կան: Այս պահին ունեմ եւս մի քանի հեղինակային երգեր, որոնց միջեւ ընտրություն պետք է կատարել ու շատ չանցած, կրկին ներկայանալ հանդիսատեսին: Առջեւում կլինեն նաեւ ոճային փոփոխություններ: Ես ու եղբայրս ամեն բան անում ենք լավ աշխատանքներ ստեղծելու համար: Չենք խնայում ոչինչ ու հուսամ, որ մեր աշխատանքն իր հաճելի պտուղները կտա»: