Օսասունայի դարպասապահը 2 րոպեում երկու 11-մետրանոց է հետ մղել
SPORT«Օսասունայի» դարպասապահ Սալվատորե Սիրիգուն Իսպանիայի առաջնության հերթական տուրի՝ «Ատլետիկոյի» հետ խաղում հիշեցրել է իր մասին:
Խաղավարտին, երբ «Օսասունան» 0:3 հաշվով պարտվում էր «Ատլետիկոյին», մեկը մյուսի հետևից երկու 11-մետրանոց հարված է նշանակվել վերջինիս դարպասին:
Սիրիգուն նախ հետ է մղել Յաննիկ Ֆերեյրա Կարասկոյի՝ ցածրից կատարած հարվածը` թույլ չտալով նրան դառնալ հեթ-տրիկի հեղինակ, իսկ երկու րոպե անց թույլ չի տվել Թոմաս Պարտիին ընթացիկ մրցաշրջանում իր առաջին գոլը հեղինակել:
Սիրիգուն, հիշեցնենք, անցած ամառ վարձակալության հիմունքներով ՊՍԺ-ից տեղափոխվե; է «Սևիլիա», իսկ այս ձմռանը հայտնվել է «Օսասունայում». թիմ, որն այս պահին Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականն է զբաղեցնում: Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է դեռ երկու տարով:
Ի դեպ, հետաքրքրական է, որ «Ատլետիկոյին» այս մրցաշրջանում ոչ մի կերպ չի հաջողվում գոլի հեղինակ դառնալ 11-մետրանոց հարվածից: Երեկ կայացած խաղը ներառյալ՝ Դիեգո Սիմեոնեի թիմն արդեն 6-րդ անգամ անընդմեջ չի կարողանում անվրեպ իրացնել 11-մետրանոցը: Ավելի վաղ, երկու անգամ 11-մետրանոցից վրիպել է Անտուան Գրիզմանը, մեկական անգամ էլ՝ Ֆերնանդո Տոռեսն ու Գաբին: