Նախագահը Մայր Աթոռում ներկա է գտնվել Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Պատարագին (լուսանկարներ)
PHOTOՆախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Քրիստոնեական գլխավոր տոների մեկի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Մայր Տաճարում այսօր մատուցվել է Սուրբ Պատարագ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից:
Պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Առաջին տիկին՝ Ռիտա Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այլ նախարարներ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ, բազում ուխտավոր հայորդիներ և հավատացյալ ժողովուրդը: