Գագիկ Ծառուկյանը դժգոհ չէ ընտրությունների արդյունքներից
POLITICS«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կանխատեսել է, որ խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած քաղաքական ուժը պետք է շատ լավ արդյունքներ արձանագրեր, քանի որ ժողովրդին հստակ ներկայացրել է իր ծրագիրն ու մոտեցումները:
Ապրիլի 24-ին լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ, անկախ ամեն ինչից, ինքը բոլորին շնորհակալ է: «Եվ մեզ ձայն տվողներից եմ գոհ, և նրանցից, ովքեր մեզ ձայն չեն տվել: Ամեն մարդ ինքն է որոշում իր ապագան: Ես կրկնում եմ` շարունակում եմ կանգնած մնալ իմ ժողովրդի կողքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ծառուկյանը:
Հարցին, թե «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր դաշտո՞ւմ է գործելու, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Դուք հիմա տեսնում եք, որ մենք ընդդիմություն ենք: Ընդդիմություն լինելը միայն ցեխ շպրտելով չէ: Մարդիկ պետք է կարողանան գործ անել, որ ժողովրդի կյանքում բան փոխվի: Ցեխ շպրտելով, մարդկանց վիրավորելով ոչ կկարողանանք երկիր կառուցել, ոչ էլ մեր ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովել»:
Անդրադառնալով հարցին` կլինե՞ն 15 միլիարդ դրամի ներդրումները, ինչի մասին ինքը խոստացել էր, Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ դա կլիներ այն դեպքում, եթե «Ծառուկյան» դաշինքն ընտրությունների արդյունքներով կարողանար խորհրդարանում մեծամասնություն կազմել: «Իմ արտասահմանյան գործընկերները ցանկանում են ներդրումներ կատարել, բայց ես երաշխիքներ չունեմ այդ պատասխանատվության տակ մտնելու: Քանի որ ժողովուրդը մեզ 30 տոկոս ձայն տվեց, դա կմնա մյուս ընտրությանը»,- ընդգծեց նա:
Նա անդրադարձավ նաև լուրերին, թե «Ծառուկյան» դաշինքը պատրաստվում է որպես Ազգային ժողովի փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու առաջադրել Իշխան Զաքարյանի թեկնածությունը:
Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել 4 քաղաքական ուժեր` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ելք» դաշինքը և «Ծառուկյան» դաշինքը: Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ է քվեարկել 770 հազար 441, «Ծառուկյան» դաշինքին` 428 հազար 836, «Ելք» դաշինքին` 122 հազար 65, Հայ հեղափոխական դաշնակցությանը` 103 հազար 48 ընտրող:  ; ՀՀԿ-ն քվեարկության արդյունքներով նորընտիրխորհրդարանում կունենա 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը 9, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ։



