Եթե ընտանիքում սնկային հիվանդություն ունեցող մարդ կա
PHOTOՍնկերը՝ դերմատոֆիտները, սնվում են կերատինով, որից կառուցված են մաշկը և մազերը: Սնկերը տարալուծում են կերատինը ֆերմենտների օգնությամբ, ինչի հաշվին դրանք կարող են շատ երկար ապրել մաշկի տակ` հատկապես եղունգների մեջ:
Վարակի հիմնական աղբյուրներից են հասարակական օգտագործման վայրերը՝ շոգեբաղնիքները, բաղնիքները, սպորտ սրահները, լոգախցիկները, բոլոր այն վայրերը, որտեղ մարդիկ հանում են իրենց կոշիկները և կարող են պատահաբար կանգնել սնկային անտեսանելի թեփիկների վրա:
Բոլոր վարակների շուրջ 1/3 մասը ձեռք է բերվում ոչ թե հասարակական օգտագործման վայրերում, այլ սեփական ընտանիքում:
Այդ իսկ պատճառով, եթե ընտանիքում սնկային հիվանդություն ունեցող մարդ կա, ապա հիգիենայի կանոններին չհետևելու և հիգիենայի անհատական օգտագործման պարագաների բացակայության դեպքում, ընտանիքի մյուս անդամները նույպես կարող են վարակվել:
Ընտանիքի յուրաքանչյուր անդամ, այդ թվում և վարակակիրը, պետք է ունենա եղունգների խնամքի անհատական պարագաներ, անձնական օգտագործման հողաթափեր և սրբիչ: Ցանկալի է կիրառել հատուկ ուլտրամանուշակագույն ճառագայթման բժշկական սարքեր կոշիկի խնամքի համար, որը կործանարար ազդեցություն է ունենում սնկային վարակի վրա:
Եղունգների սնկային վարակները արտաքին բուժման չեն ենթարկվում: Գոյություն չունեն այնպիսի քսուքներ և նրբաքսուքներ, որոնք ամբողջապես կհեռացնեն ոտքի մատների եղունգների սնկային վարակը: Պարզելու համար, թե եղունգները սնկի ինչ տեսակով են վարակված, ինչպիսին է դրա զգայունակությունը դեղորայքի հանդեպ, անհրաժեշտ է դիմել մաշկաբանի, ով համապատասխան բուժում կնշանակի:
Մարդիկ հիմանկանում բժշկին դիմում են այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում: Ժամանակակից բժշկությունն առաջարկում է հակասնկային դեղորայքի բազմազան տեսականի, սակայն դրանք պետք է նշանակված լինեն բժշկի կողմից:
Եղունգների սնկային հիվանդությունները վարակիչ են, և բուժվում են միայն մեկ մեթոդով` հակասնկային միջոցներով, հակամիկոտիկներով: Այս նյութերը թափանցում են սնկի բջիջ և կամ քայքայում են դրա թաղանթը, կամ դադարեցնում են այն նյութերի սինթեզը, որոնցից կառուցվում է թաղանթը: Այս կերպ սնկային վարակը ոչնչանում է, իսկ եղունգները սկսում են առողջ աճել: Սնկային վարակի բուժումը երկարատև գործընթաց է: Բուժումը պետք է անց կացվի միայն բժշկի նշանակմամբ և նրա վերահսկողության ներքո: