Հայտարարվել է մրցույթ Մասրիկում 50 ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցման համար
SOCIETYՄասրիկում 50 ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցման համար ապրիլի 28-ին հայտարարվել է մրցույթ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը: Մրցույթը միջա զգային է, որի նախաորակավորման փաթեթը տեղադրված կլինի նախարարության կայքէջում երկու լեզվով` հայերեն և անգլերեն:
«Մրցույթի նպատակն է ընտրել ներդրողների: Ներդրողների ընտրության համար սահմանված են չափանիշներ, մասնավորապես, համապատասխան փորձ ունենալ. այդ ընկերությունը պետք է առնվազն 100 ՄՎտ հզորությամբ կայաններ կառուցած լինի, որից մեկը եղած լինի 50 ՄՎտ, անհրաժեշտ է, որ տվյալ ընկերությունը համապատասխանի սահմանված ֆինանսական ցուցանիշներին և այլն: Այս ամենի նպատակը մեկն է, որպեսզի կարողանանք պրոֆեսիոնալ, լուրջ կազմակերպություն ներգրավել»,-ասաց Հայկ Հարությունյանը:
Մրցույթի ֆինանսական պայմանագրի ավարտը նախատեսված է 2018 թվականի երկրորդ եռամսյակը: Հայկ Հարությունյանը նշեց, որ էներգետիկ համակարգում առաջին անգամ են նման ձևաչափով սակագին սահմանելու:
«Բավական երկար նախապատրաստական փուլ ենք անցել, հույս ունենք, որ վերջին փուլում կունենանք մրցունակ, ցածր սակագին արևային կայանների համար: Այն պետք է ջերմային կայանների համեմատ ավելի ցածր սակագին ունենա»,-ասաց նա:



