Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին
PHOTOՄայիսի 9-ին վաղ առավոտից մարդաշատ էր Մայր Հայաստան հուշահամալիրի հարակից տարածքը: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձի առթիվ, ավանդույթի համաձայն, օրվա հերոս վետերանների հետ միասին այստեղ էին այցելել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք, բարձրաստիճան սպաներ ու բազմաթիվ քաղաքացիներ: Ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել Անմար կրակին, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին: Հաղթանակի օրվա առիթով կազմակերպված միջոցառման պաշտոնական մասն ավարտվել է զինվորական հանդիսավոր շքերթով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն, ավանդույթի համաձայն, այցելել է նաև զինվորական վրանային խոհանոց և պատերազմի մասնակից վետերանների հետ կիսել խորհրդանշական 100 գրամն ու զինվորական հացը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն