Ընթացքի մեջ են կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները
PHOTOԵրևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են Գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Օրերս կավարտվի նաև «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման և արդիականացման ծրագիրը: Հանձնարարվել է շարունակել հսկողությունը՝ իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների նկատմամբ:
Զեկուցվել է, որ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 26 արձանագրություն: Շարունակվում է խստացված հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է շարունակել աշխատանքներն ու ՃՈ հետ համատեղ քայլեր ձեռնարկել նաև մայթերին ավտոտրանսպորտային միջոցների կայանումը բացառելու ուղղությամբ:
Ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ նախորդ շաբաթ գույքագրվել են մայրաքաղաքի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող կենտրոններն ու տեսարժան վայրերը, որտեղ սկսվել և շարունակվում են սանիտարական մաքրման, կանաչապատման, բարեկարգման, ձևավորման և պատշաճ տեսքի ապահովման աշխատանքները: Այս ուղղությամբ հանձնարարվել է աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում:
Զեկուցվել է, որ մասնավոր տնտեսվարողների մասնակցությամբ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում ևս շարունակվում են մաքրման ու խոտհնձի աշխատանքները: Նշվել է, որ համանման աշխատանքներ պարբերաբար կազմակերպվում են նաև կրթական, առողջապահական հիմնարկների, պետական և մասնավոր ընկերությունների ուժերով՝ տվյալ հիմնարկներին հարակից տարածքներում։ Հանձնարարվել է ակտիվացնել կանաչապատման, ծաղկային ձևավորման, ոռոգման աշխատանքները՝ ապահովելով մշտական խնամք:
Մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2017 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Զեկուցվել է նաև, որ ավարտին են մոտենում Կարապի լճի հարակից մայթերի կանաչապատման և կահավորման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել ինչպես ճանապարհաշինական ծրագրերի, այնպես էլ ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքի նկատմամբ` խստորեն հետևելով որակի պահպանմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն