Հայաստանից արդեն 150 տոննա ծիրան է արտահանվել
ECONOMICSՀայաստանի գյուղատնտեսներն արդեն սկսել են ծիրանի արտահանման գործընթացը: Ներկա դրությամբ Հայաստանից արտահանվել է 150 տոննա ծիրան, իսկ մեծածավալ արտահանումը կմեկնարկի մի քանի օրից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարի խոսքով` կանխատեսվում է, որ ծիրանի արտահանման ծավալները այս տարի գերազանցելու են նախորդ տարիների արդյունքը: «Այս տարի բերքն առատ է, իսկ գները` մատչելի: Դեռևս որոշակի խնդիրներ ունենք արտահանման հետ կապված, սակայն արդեն սկսվել է ծիրանի արտահանումը: Ինքնաթիռով արտահանվել է ավելի քան 150 տոննա ծիրան , իսկ 2-3 օրից կսկսվի նաև մեքենաներով մեծածավալ արտահանումը»,- նշեց նախարարը:
Խոսելով մյուս գյուղմեթերքների արտահանման մասին` նա նկատեց, որ դրանց ծավալները անցյալ տարվա համմատությամբ նույնն են: Սերգո Կարապետյանն անդրադարձավ նաև անհատ տնտեսությունների կողմից արտահանման կազմակերպմանը` նշելով, որ նրանք հիմնականում չեն ուսումնասիրում շուկան արտահանելուց առաջ և որոշ խնդիրների են բախվում: «Պետք է շուկան նախօրոք ուսումնասիրվի. դրա համար սկսնակներին խորհուրդ ենք տալիս մեզ հետ համագործակցել, որ ուղղորդենք՝ ինչպես տանեն, ինչ ճանապարհով: Դա ավելի հարմար կլինի իրենց»,- ասաց նախարար Կարապետյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ցրտահարության արդյունքում ծիրանի բերքը մի քանի անգամ կրճատվել էր` ազդելով նաև արտահանման ծավալների վրա: Այս տարի գյուղատնտեսական տարին ավելի բարեհաջող է, և ակնկալվում է արտահանումների աճ: