Հոր զոհվելուց հետո էլ մինչև գիշերվա 12-ը դռները բաց սպասում են. կայացավ «13» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ, լուսանկարներ)
VIDEOԱյսօր՝ մայիսի 14-ին, Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «13» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
«Այս ֆիլմը պատմում է 13 սյունեցու մասին, ովքեր զոհվեցին քառօրյա պատերազմի ժամանակ: Ֆիլմում չկա քաղաքականություն, կան միայն էմոնցիաներ: Նկարներն արվել են Սյունիքում և Արցախում», - մինչև պրեմիերան նշեց ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Ֆիլմում զոհվածների հարազատները պատմեցին նրանց անցած ուղու, մինչև վերջ պայքարելու և պատերազմելու հոգու մասին:
13-ից մեկի աղջիկը նշեց, որ իրենց տանը սովորություն է եղել փակել դուռը՝ հոր գալուն պես, իսկ հիմա՝ հոր զոհվելուց հետո էլ մինչև գիշերվա 12-ը դռները բաց սպասում են:
Հարազատներից շատերն անգամ չեն տեսել իրենց սիրելիների դիերը, քանի որ մարմինները այրվել են: Իսկ այն, ինչ եղել է զոհվածների գրպաններում՝ դանակներ, արյունոտ փողեր, հարազատները մինչև հիմա պահում են որպես հուշ:
Ապրիլյան պատերազմում զոհված երիտասարդի ազատամարտիկ հայրը ասաց, որ կցանկանար տղայի փոխարեն ինքը լիներ:
Զոհված մեկ այլ երիտասարդի, ում ծառայության ավարտվելուն մնացել էր 2 ամիս, այդպես էլ տուն չվերադարձավ: Նրա մայրն պատմում է, որ ինքն իրեն նմանեցնում է Արցախյան պատերազմում զոհված Դուշման Վարդանի մորը՝ Զարիկին, ով չի համակերպվել որդու մահվան հետ և 25 տարի է՝ սպասում է որդու վերադարձին:
Նշենք, որ ֆիլմը նկարահանվել է ՀՀ Սյունիքի Զարգացման և ներդրումների հիմնադրամի նախաձեռնությամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ` Paradiplomacy Production-ի կողմից: