Ի՞նչ է սպասվում մայիսի 31-ին Սոչիում կայանալիք հայկական մրցանակաբաշխությանը
PHOTOՄայիսի 31-ին Սոչիում սպասվում է նոր ձևաչափով մրցանակաբաշխություն, որտեղ հայ երգիչ-երգչուհիները կստանան «Տարվա երգ» անվանակարգում մրցանակներ: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Արմենիա հեռուստաընկերության և Positive Production-ի հետ համատեղ: Մրցանակաբաշխության ռեժիսոր և հաղորդավար Գրիգոր Գասպարյանը պատմել է կայանալիք մրցանակաբաշխության մանրամասները. «28 արտիստ մրցանակ կստանա «Տարվա երգ» անվանակարգում: Մրցանակաբաշխությունն ամփոփելու է տարին, կպարգևատրվեն նրանք, ովքեր ունեցել են ստեղծագործական ակտիվ կյանք, հիթ են թողարկել, մեծ քանակով դիտումներ ունեցել համացանցում և ամենակարևորը՝ սիրվել հանդիսատեսի կողմից: Հենց հանդիսատեսն էլ ընտրել է լավագույններին»:
Գրիգորի խոսքով՝ մրցանակաբաշխության այս նոր ձևաչափը դրական կընդունվի թե՛ հեռուստադիտողի և թե՛ արտիստների կողմից, քանի որ հենց հեռուստադիտողներն են նպաստել 28 արտիստի մրցանակ ստանալուն. «Սա մրցույթ է, որտեղ չկա ժյուրի, չկա քվեարկություն: Շատ արտիստներ, լսելով մրցանակաբաշխության անունը, խուսափում են մասնակցել, քանի որ չեն հավատում, որ ամեն ինչ արդար է: Նույնիսկ եթե ամեն ինչ դրական է անցնում, միևնույն է, լինում է ինչ-որ մեկը, ով ասում է, որ ավելիին էր արժանի: Բացի այդ՝ սա նաև ստիմուլ է մյուս երգիչների համար, ովքեր այս տարի չեն ներգրավել, ավելի ակտիվ լինել ստեղծագործական աշխատանքում»:
Ըստ Գրիգորի՝ մրցանակաբաշխությունը շարունակական է լինելու և անցկացվելու է նաև հաջորդ տարի: Երկու ժամ տևողությամբ շոու ծրագիրը ևս իր ձևաչափով օրիգինալ և տարբերվող կլինի. «Լինելու է շատ հետաքրքիր ծրագիր՝ ժամանակակից լուսային ձևավորմամբ: Յուրաքանչյուր կատարում ունենալու է առանձին բեմադրություն և նկարահանվելու է հատուկ ձևով: Իմ խնդիրն է, որպես բեմադրող ռեժիսոր, այս ամենը գեղեցիկ ներկայացնել: Մրցանակաբաշխությանը կմասնակցեն հայկական պարային համույթներ, ինչպես նաև տպավորիչ բեմադրությամբ բեմում կլինի ռուսական «
Տոդես» խումբը: Մեր նպատակն է ներկայացնել բարձր, պրոֆեսիոնալ մրցանակաբաշխություն»,- եզրափակեց Գրիգորը:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի