Կուսումնասիրվի Հայաստանի ընդերքօգտագործողների պարտավորությունների կատարման ընթացքը
ECONOMICSԿիրականացվեն ուսումնասիրություններ հանքարդյունաբերության ոլորտում տրամադրված լիցենզիաների շրջանակներում ընդերքօգտագործողների գործունեության, ինչպես նաև նրանց կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ճշգրտման նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետ Երվանդ Հովհաննիսյանի փոխացմամբ, ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում ուսումնասիրություններ կանցկացվեն ընդերքի շահագործման լիցենզիա ստացած բոլոր չաշխատող ընկերություններում:
«Դա հնարավորություն կտա լիարժեք պատկերացում կազմել յուրաքանչյուր ընդերքօգտագործողի գործունեության վերաբերյալ և համապատասխան քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար»,- հայտնել է նա։
Ընդերքի գործակալության պետի խոսքով, նախարարությունը պատրաստվում է մինչև հուլիսի 1-ը համապարփակ առաջարկությունների փաթեթ ներկայացնել կառավարությանը՝ հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացումների առնչությամբ։
Հանքարդյունաբերության ոլորտում տրմադրված 463 լիցենզիաներից, ըստ ներկայացված հաշվետվությունների, 196-ի դեպքում արտադրական գործունեություն չի իրականացվում։ Լիցենզիաներից 51-ի ժամկետը լրացել է։ Մետաղական 28 հանքերից շահագործվում է միայն 8-ը։