Life.panorama.am-ը գրում է.
Մայիսի 17-ը դերասանուհի Օլյա Հակոբյանի համար տոնական է: Այսօր նա նշում է ծննդյան 29-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ այս տարի առաջին անգամ մեծ ոգևորություն չունի տարեդարձը նշելու.
«Հավանաբար մեծանալու կամ նույնիսկ չգիտեմ էլ ինչի հետ է կապված, բայց այս տարի, կարծես թե, այնքան էլ ոգևորված չեմ ծննդյանս օրը նշել, փոխարենը մեծ ոգևորությամբ ընկերներս են իրար խառնված ու մտածում, թե ինչպես պետք է անցկացնենք օրը: Ինչևէ, կարծում եմ, ինձ ուրախ օր է սպասվում»,- պատմեց դերասանուհին:
Հետաքրքրվելով, թե Օլյան ի՞նչ անակնկալներ է այսօր ունեցել, նկատեց. «Քանի որ ես երկու փոքրիկ ունեմ և երեկոյան ժամերին մեծամասամբ տանն եմ լինում, կեսգիշերին ինձ անակնկալներ մատուցելը դժվար գործ է, սակայն վստահ եմ, ընկերներս այսօր երեկոյան դա կլրացնեն: Փոխարենը երեխաներս են արդեն իրենց անուշ խոսքերով շնորհավորել ինձ, ու թեև նրանք այնքան էլ լավ չեն գիտակցում, որ այսօր մամայի ծննդյան օրն է, բայց տատիկն ու պապիկը, ինչպես նաև մեր դայակը սովորեցրել էին, որպեսզի ինձ շնորհավորեն: Նվերների հարցում էլ ասեմ, որ այսօր ստացել եմ աշխարհի ամենալավ նվերը՝ մեծ որդիս իր ձեռքով գեղեցիկ ծաղիկ էր նկարել ու նվիրեց ինձ, սրանից թանկ էլ ի՞նչը կարող է լինել»:
Դերասանուհին ինքն իրեն մաղթում է ամենակարևորը. «Առողջություն եմ մաղթում ինձ ու հարազատներիս, քանի որ դա ամենակարևորն է, որ մարդուն պետք է, մնացյալ ամեն բան իր հունով կընթանա: Առողջությունից զատ նաև գործնական նորանոր հաջողություններ եմ մաղթում»,- նշեց նա՝ հավելելով, որ այսօր Աստծուն հենց առողջության համար էլ ամենաշատն է շնորհակալ.
«Աստծուն ամեն օր եմ շնորհակալ իմ, երեխաներիս ու հարազատներիս առողջության համար»,- ընդգծեց օրվա հերոսուհին:
Բացթողումների մասին խոսելիս Օլյան նշեց. «Երբեք չեմ մտածում բացթողումների մասին, քանի որ դա ինձ համար հետընթաց կլինի: Իհարկե, բոլորս էլ մեր կյանքում բացթողումներ ունեցել ենք, բայց դա եղել ու անցել է, պետք չէ մտածել դրանց մասին»:
Ի դեպ՝ Օլյա Հակոբյանին հեռուստադիտողը շուտով կրկին կտեսնի հեռուստաէկրաններին. «Հիմա ավելի շատ միտված եմ նոր աշխատանքներում ներգավվածություն ունենալուն, մեծ ցանկություն ունեմ նոր գործերում հանդես գալ ու աշխատանքային բարձրունքներ գրավել: Շուտով նոր հեռուստասերիալ է նկարահանվելու, որտեղ ես էլ կնկարահանվեմ: Բացի որպես դերասանի ներկայանալը, ինձ կփորձեմ նաև հաղորդման կազմակերպչական աշխատանքներում. «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հայ-վրացական նախագիծ է սպասվում, որի մասին դեռևս չեմ մանրամասնի»,- ավարտեց դերասանուհին:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան