Հայ բռնցքմարտիկները եւս ուղեւորվեցին Բաքու
SPORTԵվրոպական առաջին խաղերին մասնակցող հայ բռնցքամարտիկներն արդեն Թբիլիսիում են եւ քիչ հետո ինքնաթիռով կուղեւորվեն Բաքու: Բռնցքամարտի հայկական պատվիրակության կազմում են 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, ինչպես նաեւ մարզիչներ Կարեն Աղամալյանը, Արման Հարությունյանը եւ Վյաչեսլավ Արությունովը:
Հայ բռնցքամարտիկները Բաքվում ելույթը կսկսեն հունիսի 16-ին: Նախնական տվյալներով՝ առաջինը ռինգ դուրս կգան Արամ Ավագյանը, Սամվել Բարսեղյանը եւ Հովհաննես Բաչկովը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մրցավայր է ուղարկել ուժեղագույններին, եւ յուրաքանչյուր մարզիկից ունի մեդալի ակնկալիք: Հայ բռնցքամարտիկները նախքան մրցավայր մեկնելն անցել են ֆիզիկական եւ հոգեբանական բարձր պատրաստվածություն եւ պատրաստ են Բաքվում բարձր պահել հայկական սպորտի եւ Հայաստան անունը, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: