Yerevan, 08.November.2026,
00
:
00
BREAKING

Մուլտիպլիկացիան սովորեցնում է սիրել, պատասխանատու և հոգատար լինել. Գայանե Մարտիրոսյան

CULTURE

  Խորհրդային հայ տիկնիկային մուլտարվեստի հայտնի ներկայացուցիչ ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանը երկար տարիներ գծանկարային մուլտֆիլմեր է ստեղծում: Նրա և՛ տիկնիկային, և՛ գծանկարային ֆիլմերը սիրում են փոքրիկները, նաև մեծահասակները: Այս տարի Գայանե Մարտիրոսյանը կավարտի «Վիշապագորգը» մուլտֆիլմի հինգերորդ մասը: Այս և այլ հարցերի շուրջ  «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց ռեժիսորի հետ:

-Տիկին Մարտիրոսյան, ի՞նչ դեր և նշանակություն ուներ մուլտիպլիկացիան  Խորհրդային Միության տարիներին և այսօր:

-ԽՍՀՄ-ում մուլտֆիլմ նկարահանելը պլանավորված էր:  Մենք ունեինք հատուկ ծրագիր, որով առաջնորդվում էինք: Հայկական մուլտիպլիկացիայի ձևավորման սկզբնական շրջանում տարվա ընթացքում հինգ ֆիլմ էինք նկարահանում, իսկ հետո` վեց: Ե՛վ նախկինում, և՛ ներկայումս այն ունի դաստիարակչական, կրթական բնույթ, ապահովում է ինչպես փոքրիկների, այնպես էլ` մեծահասակների ժամանցը: Ըստ իս` մուլտերը մինչ օրս պահանջված են:

-Ինչու՞ որոշեցիք հենց տիկնիկային մուլտֆիլմեր ստեղծել: Ի՞նչն է ձեզ գրավել այդ գործընթացում:

-70-ականներին Հայաստանում զարգացում էր ապրում տիկնիկային մուլտիպլիկացիան, որն ինձ չափազանց շատ էր դուր գալիս:  Հետաքրքիր մուլտեր էր ստեղծում Արմեն Միրաքյանը: Մասնագիտությամբ դրամատիկ թատրոնի ռեժիսոր եմ, հավանաբար դա էր պատճառը, որ ինձ գրավում էր տիկնիկային մուլտերի ծավալայնությունը, խորությունը: Ինձ համար դժվար էր պատկերացնել տափակ թղթի տարածությունը՝ չնայած արդեն հարմարվել եմ:

Իմ առաջին մուլտը «Անխելք մարդն» էր` ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի: Վերջերս այն նորից դիտեցի. բավականին պարզունակ է, բայց ունի իր յուրահատկությունները:  

-Ձեր մուլտֆիլմում գայլն անխելք մարդուն չի ուտում: Ինչո՞ւ:

-Հենց այդ վերջաբանի պատճառով ինձ բազմիցս քննադատեցին, բայց ես չկարողացա դեմ գնալ իմ սկզբունքներին: Սիրում եմ երջանիկ ավարտ: Մուլտի վերջում և՛ գայլը գոհ մնաց, և՛ աղջիկը, և՛ անխելք մարդը, քանի որ անխելք մարդն ամուսնացավ աղջկա հետ, իսկ գայլը կշտացավ: Սա ավելի ընկալելի ավարտ էր երեխաների համար: Այդ մուլտից հետո հստակ որոշեցի, որ ստեղծագործելու եմ փոքրիկների համար: 

-90-ականներին` մութ, ցուրտ տարիներ, դուք նկարահանեցիք «Տարաշխարհիկները»,  «Պատերազմը մեր փողոցում» մուլտերը: Ի՞նչ պատգամ ունեին դրանք:

-Ոչ մի ֆիլմ հենց այնպես չի ծնվում: Երբ արվեստագետը ցանկանում է ինչ-որ բան ստեղծել, երկար մտածում է, թե ի՞նչ կտա դրանով իր լսարանին:

Այդ տարիներին մեծ հետաքրքրություն էին առաջացրել համակարգիչները: Երեխաները շատ ժամանակ էին անցկացնում դրանց առաջ, նրանք այլևս չէին խաղում բակում ու սկսել էին զոմբիանալ: Ես հստակ հասկացա, որ դա ժամանակի ընթացքում կարող է լուրջ խնդիր դառնալ, և ստեղծվեց «Տարաշխարհիկները» ֆիլմը, որը հորդորում է պահպանել բնությունը, շրջակա միջավայրը, և այն մինչ օրս արդիական է: 2012-ին «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությանն այն համարվեց վերջին 20 տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ:

Երբ նկարահանեցի «Պատերազմը մեր փողոցում» մուլտը, մարդիկ դեռ ընկճված էին սումգայիթյան ջարդերից: Անհասկանալի էր, թե ինչպե՞ս է 21-րդ դարի սկզբին նման բարբարոսություն տեղի ունենում: Ես չէի կարող ինչ-որ չափով չանդրադառնալ պատերազմի թեմային: Մուլտի միջոցով ուզում էի ցույց տալ, թե ի՞նչ հետևանքներ է այն ունենում երեխաների վարքագծի, աշխարհընկալման վրա: Երկար փնտրտուքից հետո որոշեցի մուլտը նկարահանել Վիլյամ Սարոյանի «Պատերազմը» պատմվածքի հիման վրա:

Շատ եմ կարևորում նաև «Չոկո» մուլտֆիլմի դերը: Ֆիլմն այն մասին է, որ երեխան փոքր շուն է տուն բերում ու հոգ տանում նրա մասին, այնուհետև անտարբերության մատնում: Ցանկացա ցույց տալ, որ շնիկը`Չոկոն, խաղալիք չէ, պետք է պատասխանատվություն կրել այդ արարածի համար:

-Ի՞նչ տիկնիկներով էիք աշխատում ձեր գործունեության սկզբնական փուլում և հետո:

-Սիրում եմ իմ բոլոր տիկնիկները, որոնք վաթսունից ավելի էին: Նշեմ, որ նկարիչը ստեղծում էր կերպարներ, որոնց հիման վրա պատրաստվում էին տիկնիկները, որոնք ժամանակի ընթացքում ավելի խոսուն ու շարժուն դարձան: Ժամանակին մուլտիպլիկատորներն աշխատում էին փայտե տիկնիկներով, այնուհետև ավելի փափուկ ու հարմար տիկնիկներով:  Դրանք պատրաստելու համար պահանջվում էր երեք ամիս: Դրանք ինձ համար պարզապես տիկնիկներ չէին, այլ կենդանի կերպարներ, որոնք իրենց կյանքով էին ապրելու: Նշեմ, որ մուլտ նկարելիս սկզբում գրվում էր ձայնը: Մուլտհերոսների նկարները ցույց էիÕ �ք տալիս հնչյունավորողներին, և նրանք համապատասխան ձայներով խոսում էին: Այնուհետև աշխատում էինք դեկորացիաների վրա:  

-Տիկին Մարտիրոսյան, ներկայումս դասավանդում եք ԵԹԿՊԻ-ում: Ձեր ուսանողները մուլտեր նկարահանու՞մ են:

-Մուլտարվեստը գրավում է երիտասարդներին, նրանց հետաքրքրությունը անիմացիոն կինոյի հանդեպ չի մարում: Այդ են վկայում վերջին տարիներին նրանց ստեղծած մուլտերը,Արթուր Միքայելյանը նկարահանեց «Անբան հուռին», որը սիրվեց:

Այս տարվա ուսանողներից միայն մեկն է ցանկանում խաղարկային ժանրում ստեղծագործել, և ես դեմ չեմ, ընտրությունը նրանն է, սակայն ընդգծեմ, որ մուլտիպլիկացիան հետաքրքիր է, քանի որ նրանով կարող ես մարդկանց ավելի հասանելի լինել, նուրբ խոսել նրանց հետ, ցույց տալ, թե ինչ է սերը, մտերմությունը, իսկ երեխաների համար այն խաղ է, որի միջոցով նա շրջապատող աշխարհն է ճանաչում, ընկալում, թե ով է ինքը և այլն: Հետևաբար, կարևոր է, որ ծնողները  հետևեն, թե ինչ են նայում իրենց բալիկները:

-Այս տարի Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատվերով նկարահանվելու է գծանկարային «Վիշապագորգ» մուլտֆիլմի հերթական մասը: Ինչի՞ մասին է այն:

-Դա ֆիլմի հինգերորդ մասն է, որը գրեթե ավարտված է, սակայն դեռ որոշ անելիքներ կան: Այս ֆիլմում վիշապիկը կարդալ է սովորում: Նա դեռ փոքրիկ, չարաճճի  աղջիկ է, որը բազմաթիվ արկածների մեջ է ընկնում: Մուլտի նախորդ հատվածների վիշապիկը արագ մեծացավ, քանի որ երկրի վրա էր ապրում, իսկ այս վիշապիկը ապրում է գորգի մեջ և ուշ է մեծանում. հազար տարի պետք է անցնի, որ նա  հասուն դառնա:

 Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի

 

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality