Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը միջազգային մրցաշարի կմասնակցի Բելառուսում
SPORTԱզատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը պատրաստվում է հունիսի 25-29-ը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Բայց մինչև աշխարհամասի ստուգատեսը մայիսի 25-ին երիտասարդ ազատոճայինները կմեկնեն Բելառուս մասնակցելու միջազգային մրցաշարի: Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ Բելառուսում հիմնականում հանդես կգան Եվրոպայի առաջնություն մեկնող ըմբիշները.
«Առաջիկա միջազգային մրցաշարին կմասնակցեն մեր առաջին համարները: Թիմում ընդգրկել ենք նաև աչքի ընկած երկու մարզիկի, որոնք Հայաստանի առաջնության մրցանակակիր են: Բելառուսում ըմբիշներ կունենանք բոլոր քաշային կարգերում: Իհարկե, պայքարելու ենք մրցանակային տեղերի համար:
Մրցաշարից անմիջապես հետո կմեկնենք Վլադիկավկազ, որտեղ Հարավային Օսեթիայի մեծահասակների հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնենք»,- ասաց Ավետիք Վարդանյանը:
Բելառուսի միջազգային մրցաշարին կմասնակցեն Կարեն Զուրաբյանը, Արսեն Հարությունյանը, Վարդգես Կարապետյանը, Գևորգ Մխեյանը, Գեղամ Գալստյանը, Արման Ավագյանը, Արման Անդրեասյանը, Հովհաննես Մաղաքյանը, Սարգիս Հովսեփյանը և Հովհաննես Մխիթարյանը: