Մեկնարկել է Արցախի Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը
SPORT Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում մայիսի 30-ին տեղի է ունեցել «Ազգային ժողովի գավաթ»-ի հերթական խաղարկության եզրափակիչ փուլի բացման արարողությունը, որին ներկա էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ
գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, պատգամավորներ ու ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Եզրափակիչ փուլին մասնակցում է թեթև աթլետիկա մարզաձևից լավագույն արդյունքները ցուցաբերած 8 թիմ` Ստեփանակերտից և շրջաններից:
Ողջունելով մարզիկներին` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հաջողություն է մաղթել հետագա պայքարում և նշել, որ այդպիսի մրցումներում շահած հաղթանակներով է ձևավորվում այն սերունդը, որը շարունակելու է 1988թ. Արցախի ինքնիշխանության նվիրյալների ստեղծած ավանդույթները:
«Ուզում եմ, որ դուք միշտ հիշեք ու գիտակցեք, որ կոչված եք հերթափոխը լինելու այն սերնդի, որն ազատագրել է Շուշին, և այն քաջազուններին, ովքեր անցած տարի ապրիլին հերոսաբար պաշտպանել են մեր երկրի սահմանները»,- նշել է ԱԺ նախագահը: