Մայքլ Ջեքսոնի թիկնապահները բացահայտումներ են արել փոփ արքայի կյանքի վերջին տարվա մասին
PHOTOLifetime հեռուստաընկերությունը հայտնի է իր վավերագրական ֆիլմաշարերով: Այս անգամ նրանք ֆիլմ են նկարահանել փոփ արքա Մայքլ Ջեքսոնի թիկնապահներ՝ Բիլ Ուիթֆիլդի ու Ջևոն Բիրդի գրած Remember The Time: Protecting Michael Jackson In His Final Days գրքի հիման վրա, որը բացահայտում է Ջեքսոնի կյանքի վերջին տարում կատարված իրադարձությունները:
Peopletalk-ը գրում է, որ ֆիլմում գլխավոր դերը մարմավորել է դերասան Նավին, որը Ջեքսոնի նմանակն է: Ռեժիսորը Դայան Հյուսթոնն է, իսկ սցենարի հեղինակը Էլիզաբեթ Հանթերը:
Հիշեցնենք, որ 2009 թվականի հունիսի 25-ի առավոտյան փոփ արքան կորցրել էր գիտակցությունը, այն բանից հետո, երբ նրա անձնական բժիշկ Քոնդրատ Մյուրեյը քնաբեր էր ներարկել նրան: Մայքլին կյանքի վերադարձնել չի հաջողվել, իսկ բժիշկին դատապարտել են չորս տարվա ազատազրկման, սակայն նա բանտում է անցկացրել միայն երկու տարի:
Մայքլի մահից հետո սկսվեց պայքարը նրա ժառանգության համար: Երգիչն իր ամբողջ ունեցվածքը թողել էր երեք երեխաներին ու մորը, սակայն ոչինչ չէր ասել եղբայրների ու քույրերի մասին: Հենց նրանք էլ սկսել էին բողոքարկել ժառանգությունն ու գումար պահանջել: 2014-ին վերջնականապես որոշվեց ժառանգությունը կիսել Մայքլի երեք երեխաների՝ Պրինցի, Փերիսի ու Բլանքեթի միջև:
Հայտնի է, որ կյանքի վերջին տարին բավականին ծանր է եղել Մայքլի համար: Նա շատ պարտքեր ուներ և այլև չէր կարողանում վճարել իր թիկնապահներին, սակայն Բիլն ու Ջևոնը շատ էին կապվել Ջեքսոնի հետ ու 5 ամիս անվճար են աշխատել նրա համար:
Ահա, թե թիկնապահներն ինչ են գրել նրա մասին գրքում.
«Ջեքսոնը երեխաների դեմքին դիմակներ էր հագցնում, որպեսզի նրանք կարողնային հանգիստ քայլել փողոցում: Նա այդ ամենը խաղի էր վերածում ու դա «կերպարանափոխվել» էր անվանում»:
«Մի անգամ պապարացիներից մեկը կարողացավ նկարահանել փոքրիկ Բլանքեթին, իսկ Մայքլի թիկնապահը վազելով հասավ պապարացիին ու խլեց նրա տեսախցիկը: Այդ ժամանակ Մայքլը 75 հազար դոլար վճարեց, որպեսզի իր անձնական օգնականը կոտրի տեսախցիկը»:
«Ջեքսոնը երբեք Ամանորը չի տոնել, սակայն երեխաների համար խնջույք է կազմակերպել ու նվերներ է տվել նրանց»:
«Մայքլը կինոթատրոն գնալիս միշտ իր սեփական սոուսն ու յուղն էր բերում»:
Երկրպագուներից շատերին հիմնականում հետաքրքրում է, թե ինչ է պատահել նրա կյանքի վերջին օրը, սակայն այդ մասին տեղեկությունները հստակ չեն: Ֆիլմում նկարագրված կլինեն այդ օրվա իրադարձությունները թիկնապահների աչքերով: