Մարտիրոսյանն ադրբեջանական քարոզչամեքենայի խոսափողն է դարձել
INTERNATIONAL NEWSՀայաստանից փախած եւ հատուկ ծառայությունների կողմից մշակված Վահան Մարտիրոսյանն ադրբեջանական քարոզչամեքենայի խոսափողն է դարձել: Ադրբեջանական հատուկ ծառայությունների տեղեկացմամբ, Մարտիրոսյանն ինչ-որ դեղամիջոցների ազդեցության տակ է, վախեցած է կամ ֆինանսավորված: Այդ գործունեության արդյունքներն արտացոլված են Trend գործակալությանը տված հերթական «հարցազրույցում»:
Պարզվում է՝ «դժբախտ» Մարտիրոսյանին ու նրա հարազատներին Հայաստանում ամեն տեղից հեռացնում էին եւ ամենուր հետապնդում: Անհասկանալի է, սակայն, թե ինչ պատճառով, քանի որ Հայաստանում Մարտիրոսյանը ոչնչով աչքի չի ընկել, նրա ամենից ակնառու արարքն արդարադատությունից ամոթալի փախուստն է:
«Ադրբեջանում ես ու իմ ընտանիքը հրաշալի ենք զգում: Հրաշալի մարդիկ են, հրաշալի քաղաք, մեզ նորմալ են վերաբերվում, այստեղ նույնիսկ ընկերներ եմ ձեռք բերել»,- ասել է Մարտիրոսյանը:
Բացատրելով, թե ինչու է հատկապես Ադրբեջան փախել, նա խոսել է Հայաստանի քաղաքական կյանքի մասին: Իհարկե, Մարտիրոսյանը նախընտրել է շրջանցել փաստը, որ Ադրբեջանն իսկապես միակ երկիրն է, որը Հայաստանին չի վերադարձնում փախուստի դիմած հանցագործներին կամ հանձնում է մի քանի տարի անց, ինչպես տեղի ունեցած Գեւորգյանների ընտանիքի պարագայում:
Բանակից շատ հեռու Մարտիրոսյանը սկսել է նաեւ դատողություններ անել հակամարտության լուծման, միգրացիայի, տնտեսական իրադրության մասին եւ հայտարարել, որ «Հայաստանի ժողովուրդը ոչ միայն պատրաստ չէ պատերազմի, այլեւ ոչ ոք դա չի ցանկանում»:
Հայաստանի ժողովուրդն իսկապես պատերազմ չի ցանկանում: Ինչպես եւ պատերազմ չեն ուզում Ադրբեջանի շարքային քաղաքացիները: Բայց եթե հարկ լինի, Հայաստանին ժողովուրդը, ինչպես եղավ 1990-ականներին, ձեռքը զենք կվերցնի: Եվ որքան քիչ վահան մարտիրոսյաններ մնան հայկական հողում, այնքան լավ:



