Սենթ Քիթսի և Նևիսի դեմ խաղը ռեկորդային էր Պետրոսյանի և Մխիթարյանի համար
SPORTՆախապատրաստվելով աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղին՝ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում 5:0 հաշվով գերազանցեց Սենթ Քիթս և Նևիսի թիմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Այս հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաշվով տնային հաղթանակն էր: Մինչ այդ ամենախոշոր հաշվով տնային հաղթանակր գրանցվել էր 2010 թ. հոկտեմբերի 12-ին՝ Անդորրայի հավաքականի հետ խաղում (4:0):
Իսկ հանդիպումը ռեկորդային էր Արթուր Պետրոսյանի և Հենրիխ Մխիթարյանի համար:
Ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ առաջին գլխավոր մարզիչը, ով հաղթանակ տարավ հավաքականը գլխավորելուց հետո մեկնարկային երեք խաղերում անընդմեջ: Իսկ ահա Հենրիխ Մխիթարյանի ամեն հաջորդ գոլ հավաքականում նոր ռեկորդ է: 21-րդն ու 22-րդը Հենրիխը խփեց Սենթ Քիթս և Նևիսի դեմ խաղում:
Հավաքականի կազմում իրենց առաջին գոլերը խփեցին Ռուսլան Կորյանն ու Արտակ Եդիգարյանը, իսկ նորամուտը նշեցին Նարեկ Ասլանյանն ու Արմեն Մանուչարյանը: Հավաքականի կազմում հոբելյանական 10-րդ և 30-րդ հանդիպումներն անցկացրեցին, համապատասխանաբար, Արսեն Բեգլարյանը և Արաս Օզբիլիսը:
Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ «Ալաշկերտի» միանգամից 4 ֆուտբոլիստ հանդես եկան մեկնարկային կազմում: