Բնապահպանական և բնօգտագործման վճարներից բյուջեի եկամուտները 2 անգամ աճել են
ECONOMICSՀՀ պետական բյուջե 2017 թվականի հունվար-ապրիլին մուտքագրվել են շուրջ 15.6մլրդ դրամ բնապահպանական և բնօգտագործման վճարներ` կազմելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 4.3%-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեի ամսական հաշվետվության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 2 անգամ կամ 7.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար վճարվող ռոյալթիի գծով մուտքերի աճով, որը կազմել է շուրջ 12.4 մլրդ դրամ և 2.3 անգամ կամ 7 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2017 թվականի հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 5.8 մլրդ դրամ շրջանառության հարկ, որը կազմել է պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 1.6%-ը և 17.5%-ով կամ 855.8 մլն դրամով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
Հաշվետու ժամանակահատվածում 4.5 մլրդ դրամ են կազմել նպատակային սոցիալական վճարները՝ ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 1.2%‑ը և 18.6%‑ով կամ 708.6 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: