Արտահանման գործընթացը պարզեցնելն օգուտ է, սակայն կարևորը արտահանման ապրանք ունենալն է. Հ. Բերբերյան
ECONOMICS«Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` սեզոնային մրգերի արտահանման գործընթացի պարզեցման և կատարելագործման վերաբերյալ տված հանձնարարականին ասաց, որ դա իհարկե օգուտ կտա արտահանողներին, սակայն կարևորը արտահանման արտադրանք ունենալն է:
«Հարցն այն է, թե մենք ունե՞նք այնքան արտադրանք, որքան նախորդ տարիներին ունեցել ենք, իհարկե ոչ: Այնպես որ արտահանելը խթանելուց բացի պետք է հասկանալ, թե ինչ ունես արտահանելու: Իհարկե ողջունելի է, որ վարչապետը մտահոգված է այդ արտահանումով հատկապես Եվրասիական տնտեսական միություն, որը մեր հիմնական շուկան է մնացել»,-ասաց նա:
Հրաչ Բերբերյանը նշեց, որ եթե իրենց ունեցած տվյալներով շուրջ 40 տոկոս գյուղատնտեսության ոլորոտում անկում կա, ապա ինչը պետք է արտահանել:
Գյուղատնտեսությունը դա միայն թարմ ծիրան չէ, այլ նաև վերամշակում է: «Մենք կողմ ենք, որ ոչ թե պարսկական տոմատի մածուկի փաթեթավորմանը Հայաստանում և հայկականի տակ արտահանում կազմակերպելուն, այլ մենք կողմ ենք, որ մեր սեփական տոմատի մածուկը արտադրենք, դրա փորձն ունենք, առավել ևս որակական հատկանիշներով հայկական տոմատի մածուկը լավագույններից մեկն էր»,- ասաց նա և նշեց, որ մեր պոտենցիալը լավ չի օգտագործվում:
Ըստ նրա՝ ամեն մի պատահական մարդ չպետք է գյուղատնտեսությամբ զբաղվի: «Գյուղատնտեսությունը ստրատեգիական ուղղություն է»,- ասաց նա և նշեց, որ մասնավորապես կարտոֆիլը բարձիթողի վիճակում թողեցինք և այս տարի կլինենեք կարտոֆիլ ներկրող երկիր:
«Միայն ձևակերպումներով չի պետությունը ռազմավարություն մշակում, մասնագետները պետք է համախմբվեն և ընտրեն այն ուղղությունները, որոնք պետք է երկիրը զարգացնեն, և այդ ուղղությամբ աշխատեն` դա կլինի սուբսիդավորումների, ֆինանսական խթանումների ճանապարհով», -ասաց նա;