Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» սկսել է հավաքը Մինսկում
SPORTՖուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» սկսել է 10-օրյա մարզումային հավաքը Մինսկում` պատրաստվելով Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին:
Հունիսի 12-ի երեկոյան «Ալաշկերտն» Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ անցկացրել է առաջին մարզումը հյուրանոցի հարեւանությամբ գտնվող «Մինսկ» ակումբի մարզաբազայում: Այստեղ իր մարզումներն է անցկացնում նաեւ Բելառուսի ազգային հավաքականը: Անձրեւի տակ անցած դինամիկ մարզմանը չեն մասնակցել Հայաստանի հավաքականից «Ալաշկերտի» ճամբար վերադարձած 4 ֆուտբոլիստներից 3-ը, որոնց հանգստանալու հնարավորություն է տրվել: Դարպասապահ Արսեն Բեգլարյանը մարզմանը մասնակցել է, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Մարզմանը մասնակցել է նաեւ «Ալաշկերտին» միացած սերբ կենտրոնական պաշտպան Միլիան Յաբլանը: 192 սմ հասակ ունեցող փորձառու ֆուտբոլիստը հանդես է եկել Սերբիայի «Նովի Սադ», «Ցելարեվո», «Պրոլետեր», «Բորաց Չաչակ», Բելառուսի «Նեման», Ղազախստանի «Կայսար» եւ «Ակժայիկ», Լիտվայի «Սուդուվա» թիմերում: Միլան Յաբլանի նախորդ ակումբը Չեռնոգորիայի «Մլադոստն» էր: Սպասվում է, որ հունիսի 13-ին «Ալաշկերտին» կմիանա եւս մեկ օտարազգի նորեկ: