ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիաները չորս ամսում նվազել են 13.4 տոկոսով
ECONOMICSՀՀ պետական բյուջեից 2017 թվականի հունվար-ապրիլին տրամադրվել են 30.1 մլն դրամ սուբսիդիաներ` կազմելով կիսամյակային ծրագրի 59.9%-ը և 13.4%-ով (4.7 մլրդ դրամով) զիջել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ինչպես տեղեկացում ենք ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեի ամսական հաշվետվության տվյալներից, սուբսիդիաների նվազումը հիմնականում պայմանավորված է 2016 թվականին հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով նախատեսված պետական աջակցությունն ավելի շուտ տրամադրելու(1.9 մլրդ դրամ) և խմելու ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորմանը 1.3 մլրդ դրամ հատկացնելու հանգամանքով, որն ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված չէ:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 50.5 մլրդ դրամ դրամաշնորհներ, որից 48.7 մլրդ դրամը` պետական հատվածի այլ մակարդակներին, 1.8 մլրդ դրամը` միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրամադրվել են 16 մլրդ դրամ դոտացիաներ, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 66.7%-ը և նախորդ տարվա համեմատ աճել են 2%‑ով: 30.4 մլրդ դրամ է տրամադրվել այլ ընթացիկ դրամաշնորհներին՝ ապահովելով կիսամյակային ծրագրի 77.9% կատարողական և 0.3%-ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Դրամաշնորհների կիսամյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 72.1%‑ով: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 2.2%‑ով կամ 1.1 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված միջազգային կազմակերպություններին տրամադրված ընթացիկ դրամաշնորհների և համայնքներին տրամադրված ընթացիկ սուբվենցիաների աճով: