Հենրիխ Մխիթարյան. Երազանքներիցս մեկն արդեն կատարվել է
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «RG»-ին` նշելով, որ կատարվել է իր մանկության երազանքներից մեկը:
«Երեխա ժամանակ երազում էի ՈւԵՖԱ-ի գավաթում կամ Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին: Նպատակներիցս մեկին արդեն հասել եմ: Հաջորդ մրցաշրջանը պետք է ավելի լավը լինի, քան նախորդը: Կարելի է ասել` հենց դա է գլխավոր նպատակս:
Հիշում եմ, թե ինչպես էի հորս խնդրում ինձ էլ տանել մարզումներին: Այդ ժամանակ 5 տարեկան էի, նա հանդես էր գալիս Ֆրանսիայում: Նա չէր ցանկանում շեղվել մարզումներից, այդ պատճառով չէր տանում իր հետ: Ինձ թողնում էին սենյակում և չէի կարողանում բացել դուռը, քանի որ չէի հասնում բռնակին:
Մինչև հիմա վերանայում եմ հորս մասնակցությամբ խաղերը: Չեմ կարող նույնն ասել իմ հանդիպումների մասին, քանի որ դրանցում նկատում եմ միայն իմ սխալները:
Սիրում եմ դիտել ոչ միայն Չեմպիոնների լիգան, այլև ազգային առաջնությունների խաղերը: Երբեմն դիտում եմ նաև Հայաստանի առաջնությունը: Այնտեղ ունեմ հանդես եկող ընկերներ, ծանոթներ»,- ասել է Մխիթարյանը: