Հրաձգության հավաքականի մարզիչը դժգոհ է երիտասարդ մարզիկների արդյունքներից աշխարհի առաջնությունում
SPORTՀրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը դժգոհ է երիտասարդ թիմի մարզիկների արդյունքներից` աշխարհի առաջնությունում:
«Շատ լավ էինք պատրաստվել աշխարհի առաջնությանը եւ անհաջող ելույթներն իսկապես զարմացրին: Մեր հրաձիգները սպասվածից վատ հանդես եկան: Մրցանակային տեղի ակնկալիք Զավեն Իգիթյանից ունեի: Նա ավելի փորձառու է եւ տարիքը համապատասխանում էր, բայց չստացվեց: Մյուս մարզիկները պատանիներ են: Նրանց մոտ գուցե լարվածությունն էր մեծ, քանի որ առաջին անգամ էին մասնակցում աշխարհի երիտասարդական առաջնությանը: Յուրաքանչյուր մրցաշարից առաջ բոլորը մեդալ են ակնկալում, իսկ դա հոգեբանորեն ճնշում է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Նիկողոսյանի խոսքերը մեջբերում է ՀԱՕԿ-ը:
Հայ մարզիկները մրցել են 10 մ օդամղիչ հրացան մրցաձեւում եւ չեն հաղթահարել որակավորման փուլը: Նարեկ Ադամյանը զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը, Հայկ Բաբայանը` 33-րդը, իսկ Վրեժ Թորոսյանը` 90-րդը: Նույն մրցաձեւի աղջիկների պայքարում Ալլա Պողոսյանը 58-րդն էր: