Բրոնզե մեդալակիրները կարող էին պայքարել նաեւ եզրափակչում. Արմեն Բաբալարյան
SPORTՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ընդհանուր արդյունքը բավարար է համարում:
«Գոհ եմ մեր երկու բրոնզե մեդալակիրներից` Մալխաս Ամոյանից (74 կգ) ու Հրաչյա Պողոսյանից (60 կգ): Նրանք կարող էին պայքարել նաեւ ոսկու համար: Ամոյանը մրցակիցների համեմատ քաշով ավելի թեթեւ էր, դա զգացվեց գոտեմարտերում: Մալխասը մեծ ապագա ունի: Պողոսյանը քառորդ եզրափակչում վնասվածք էր ստացել, ինչը խանգարեց լիարժեք դրսեւորել ուժերը: Ադրբեջանցի ըմբիշը երկու տեղից դուրս էր գցել Հրաչյայի միջնամատը, բայց նա հաղթեց այդ գոտեմարտում: Մեծ կամքի շնորհիվ Պողոսյանը բրոնզե մեդալ նվաճեց: Դավիթ Օվասապյանը (120 կգ) ի վիճակի էր նույնիսկ եզրափակչում հասնել, բայց հուզմունքը խանգարեց: Միջազգային փորձի պակաս ունի: Աշոտ Մխիթարյանը (50 կգ) 5-րդ տեղը զբաղեցրեց: Նա հանդես եկավ իր հնարավորության սահմանում: Մնացած ըմբիշներից դժգոհ եմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաբալարյանի խոսքերը մեջ է բերում ՀԱՕԿ-ը:
Առաջնությունն անցկացվում էր գերմանական Դորտմունդ քաղաքում: