Ստամբուլի նահանգապետարան է ներկայացվել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություն անցկացնելու խնդրագիրը
INTERNATIONAL NEWS: Պոլսո Հայոց պատրիարքարանը տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի տնօրինությամբ Ստամբուլի նահանգապետարան է ներկայացրել պատրիարքական ընտրություն անցկացնելու խնդրագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանի լրատվական ծառայությունից:
Խնդրագրի հետ նահանգապետարան են ներկայացվել հանգստյան կոչված Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակի մասին բժշկական տեղեկագրերը, ինչպես նաև նրա համար խնամակալ կարգելու մասին դատական որոշումը:
Խնդրագրի մեջ ներկայացված են նաև 2017 թվականի մարտի 15-ին գումարված Եկեղեցական համագումար ժողովի ժամանակ պատրիարքական տեղապահի ընտրության արդյունքները:
Պոլսո Հայոց պատրիարքարանում 2016 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ քննարկվել էր հարցն այն մասին, որ 2008 թվականի մայիսից պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դադարել է պաշտոնավարել և պատրիարքական աթոռի ընթացիկ գործերը կատարելու համար պատրիարքական ընդհանուր փոխանորդ է ընտրվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
«Եկեղեցական կանոններն ու ավանդույթն ուխտի լուծարման համար բավարար են համարում յոթ տարվա բացակայությունը: Հետևաբար Պատրիարքի ութ տարվա բացակայությունը հաստատում է «Պատրիարքական ուխտի» լուծարումը: 2015 թվականի դատաբժշկական հանձնախմբի տեղեկագրով վավերացված է Պատրիարքի`ոչ գործուն լինելու հանգամանքը:
Վերանշյալ փաստերը հաստատում են, որ Պատրիարքական աթոռը մնացել է «թափուր»: Ուստի Ժողովական Հայրերը միաձայն որոշել են «հանգստյան կոչված» համարել Ն. Ա. Տ. Մեսրոպ Բ. Ս. Պատրիարք Հայրը և անվանել նրան «ՊԱՏՐԻԱՐՔ Ի ՀԱՆԳՍՏԵԱՆ»,- ասվում էր ժողովի արդյունքներով ընդունված զեկույցում:



