Գագիկ Մկրտչյանն ակնկալում է ոսկերչության ոլորտում տարեկան կրկնապատիկ աճ ապահովել
ECONOMICSՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանն ակնկալում է և նպատակադրվել է ոսկերչության ոլորտում ամեն տարի կրկնապատիկ աճ ապահովել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում Մկրտչյանը նշեց, որ հարկավոր է ամեն տարի այդ աճն ապահովել, քանի դեռ չի հասնի այն պահը, երբ անհրաժեշտ կլինեն նոր ինստիտուցիոնալ միջոցներ՝ կրկնապատիկ աճը շարունակելու համար:
Անդրադառնալով ՌԴ-ի հետ ոսկերչության և ադամանդագործության ոլորտներում մեր համագործակցությանը՝ նախարարի խորհրդականը նշեց, որ Ռուսաստանը մեր լավագույն շուկաներից և ոլորտների զարգացման առանցքներից մեկն է:
«ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո կան որոշակի խնդիրներ, որոնք համաձայնագրային դաշտերում հարթում ենք և դրանց արդյունքում մեր արտահանումը ՌԴ էլ ավելի կավելանա: Նախկինում ՌԴ շուկան ավելի շատ թուրքական ապրանքներով էր հագեցած, աստիճանաբար ռուս սպառողը տեսնում է, որ նույն գնի դեպքում նա ավելի որակյալ ապրանք է ձեռք բերում և գնում է հայկականը»,-ասաց Մկրտչյանը:
Նա նաև նշեց, որ ոսկերչության արտադրության ոլորտում մեր մասնագետների վարկանիշը բարձր է: