Կարեն Ասլանյան. «Իմ կերպարն արդար է. նա պայքարում է իր սիրո համար»
PHOTOBlogNews.am-ը գրում է.
«Դեպի երազանք» հեռուստաֆիլմին մնացել են հաշված օրեր: Հուլիսի 31-ին հեռուստադիտողը Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիումի եթերում կարող է տեսնել դերասանական զույգի՝ Քրիստինայի և Կարենի խաղը: Մինչ հեռուստաֆիլմի անդրանիկ եթերը BlogNews.am-ն իր ընթերցողին ներկայացնում է հարցազրույցներ դերակատարների հետ:
Գլխավոր դերակատար Կարեն Ասլանյանը նշում է, որ սկզբնական փուլում բարդ էր կերպարի մեջ մտնելը. «Ֆիլմի նկարահանումներին զուգահեռ՝ ես այլ սերիալում էի նկարահանվում, դրա համար ինձ համար բարդ էր, բայց ռեժիսոր Կարեն Ամյանի և պրոդյուսեր Արմենի Պետրոսյանի խորհուրդների, ինչպես նաև իմ աշխատանքի շնորհիվ կարողացա հաղթահարել»:
Ըստ ֆիլմի սցենարի՝ Կարենն իրավաբան է, ով պայքարում է իր սիրո համար. «Այս կերպարը տարբերվում է իմ մարմնավորած մնացած դերերից: Ազնիվ, համառ տղա է, ով պատրաստ է պայքարել հանուն իր երջանկության: Պետք է ասեմ, որ իմ կերպարը կարճ ժամանակում ինձ համար շատ սիրելի դարձավ»:
Դերասանը նշում է, որ շատ կարևոր է, որ նախագիծն ունի սկիզբ, զարգացում և ավարտ. «Սյուժեն շատ հետաքրքիր է, և երբ կարդացի սցենարն, այն ինձ դուր եկավ: Իհարկե, 25 մասից բաղկացած հեռուստաֆիլմում լիարժեք ներկայանալը բարդ է, քանի որ իրավունք չունես սխալվելու, և զարգացումները շատ ավելի արագ են լինում: Ինձ համար, իհարկե, սա նորություն էր, միգուցե հաղթահարեցի, բայց դա արդեն հեռուստադիտողը կասի»:
Ֆիլմում Կարենի զուգընկերուհին դերասանուհի Քրիստինա Եղոյանն է, ում հետ, պարզվում է, նույն ինստիտուտում են սովորել. «Քրիստինայի հետ միասին սովորել ենք Թատերական ինստիտուտում, դեռ ուսանողական տարիներից իրար գիտենք։ Առաջին անգամ ենք միասին աշխատում նույն նախագծում: Ըստ սցենարի՝ ես և Քրիստինան ծանոթանում ենք այն ժամանակ, երբ նա գալիս է մեր տուն՝ դայակ աշխատելու։ Նրան տեսնում եմ և սիրահարվում: Կարծում եմ՝ մեզ մոտ ստացվեց ընդհանուր լեզու գտնել նկարահանման հրապարակում։ Դրան նպաստեց նաև նույն համալսարանում սովորելու հանգամանքը»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի