Ստամբուլում ուսանողների դեմ հետաքննություն է սկսվել՝ ապրիլի 24-ին Ցեղասպանության վերաբերյալ պաստառ պարզելու համար
INTERNATIONAL NEWSՍտամբուլի տեխնիկական համալսարանում Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակած ու Աղրիում տեղի ունեցած սադրանքների դեմ ցույց կազմակերպած ուսանողների դեմ հետաքննություն է սկսվել, տեղեկացնում է Demokrat Haber կայքը։
«Հրանտի հետ, Սևակի հետ, Ցեղասպանությա՛նն առերեսվիր», «Խաղաղության դեմ ուղղված յուրաքանչյուր փամփուշտի համար պատասխան ենք պահանջելու» գրություններով պաստառները համալսարանի ղեկավարությունն ապօրինի է համարել և 40 ուսանողի դեմ քննություն է սկսել։
Որոշ ուսանողների նկատմամբ անգամ մեկից ավելի հետաքննություններ են սկսվել, իսկ ցույցի ընթացքում ուսանողների ուղղությամբ աթոռ նետած, ձեռնաշղթաներ հագցնելով բռնություն իրականացրած անվտանգության աշխատակիցների նկատմամբ անգամ մի քննություն չկա։
Միջադեպը տեղի էր ունեցել Ապրիլի 24-ին։ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ զոհված հայերին հիշատակելու համար հավաքված ուսանողները «Հրանտի հետ, Սևակի հետ, ցեղասպանությա՛նն առերեսվիր» գրությամբ պաստառ էին պարզել և պատերին էին փակցրել ցեղասպանությանը զոհ գնացած մտավորականների լուսանկարները։
Ուսանողները նստացույց էին սկսել, ինչից կարճ ժամանակ անց նրանց վրա հարձակում էին իրականացրել նախ անվտանգության աշխատակիցները, ապա՝ ոստիկանները։
Բազմաթիվ ուսանող-ուսանողուհիներ բռնության էին ենթարկվել։ Համալսարանի ղեկավարության պնդմամբ՝ պաստառն անօրինական է եղել, և ուսանողները պետք է պատասխան տան։



