Հայաստանը և Չինաստանը կհամագործակցեն մասսայական սպորտի զարգացման ուղղությամբ
SPORTՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը ստորագրել են պայմանագիր՝ Հայաստանում մասսայական սպորտի զարգացմանը Չինաստանի աջակցության վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարար Հրաչյա Ռոստոմյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել սպորտի ոլորտում համագործակցելու պատրաստակամության համար: «Վստահ եմ, որ սա առայժմ մեր համագործակցության մեկնարկն է, որը լինելու է շարունակական և տալու է ցանկալի արդյունք՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում զարգացնել մասսայական սպորտը և տարածել առողջ ապրելակերպի գաղափարները»,- ասել է Ռոստոմյանը:
Դեսպան Թիան Էրլունը նախարարին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Չինաստանում ավանդաբար մեծ նշանակություն է տրվել մասսայական սպորտին, և ինքն ուրախ է, որ այս համագործակցությունը կօգնի հատկապես ՀՀ մարզերում մարզվողների թվի ավելացմանը և բնակչության շրջանում առողջ ապրելակերպի գաղափարների արմատավորմանը:
Նշենք, որ այս փուլում նախատեսվում է մարզահրապարակներ կառուցել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Իջևան քաղաքներում: «Նախարարության կողմից հետևողական աշխատանք է տարվելու հաջորդ երկու տարիներին նաև մյուս բոլոր մարզերում նմանատիպ մարզահրապարակներ ունենալու համար»,- նշել է նախարար Ռոստոմյանը։