Կառավարությունը շարունակում է «Սևանի իշխան» և «Սևանակվա» ընկերություններին արտոնություններ տալու քաղաքականությունը
ECONOMICSԿառավարությունը որոշել է «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ընկերություններին առանց մրցույթի հողամասեր տրամադրել՝ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով: Այս մասին օրենքի նախագծերը գործադիրի դատին կներկայացվեն այսօրվա նիստում:
Հիշեցնենք, որ նախկինում էլ նշված ընկերությունները օգտվել են կառավարության «բարեսրտությունից» և ժամանակ առ ժամանակ առանց մրցույթների հողատարածքներ ստացել: Իսկ ընդամենը երկու ամիս առաջ էլ կառավարությունը երեք տարով երկարաձգեց «Սևան ակվա»–ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
Նախագծով՝ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի վարչական սահմաններում և «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում գտնվող 21,8 հա մակերեսով հողամասը 3 տարի ժամկետով կտրամադրվի «Սևանի իշխան» ՓԲԸ–ին: Միաժամանակ նշվում է, որ ընկերությանը տրամադրված հողամասի կառուցապատման իրավունքը կարող է պայմանագրով երկարաձգվել: Մեկ այլ նախագծով էլ Լճափ համայնքի վարչական սահմաններում և «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում գտնվող 1,9466 հա հողամասն էլ 25 տարի ժամկետով կտրամադրվի «Սևան ակվա» ընկերությանը:
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ համալիր ծրագրի շրջանակներում 2014 թ. ստեղծվել էր «Սևանի իշխան» ՓԲ ընկերությունը, իսկ մեկ տարի անց՝ 2015 թ., «Սևան Ակվա» ՓԲԸ–ն: «Սևանի իշխան» ՓԲ ընկերությունը իրականացնում է մանրաձկան և ձկան վերամշակման գործարանների շինարարությունը և շահագործումը, ինչպես նաև արտադրանքի իրացման գործընթացը, իսկ «Սևան Ակվա»–ն՝ Սևանա լճում տնտեսությունների հիմնման և շահագործման աշխատանքները:
«Սևանի իշխան» ընկերությունը իրեն տրամադրվելիք տարածքում նախատեսում է իրականացնել Սևանի իշխանի մանրաձկների բացթողման գործընթացը, ինչպես նաև ձվադրման վերադարձող ձկների կիթը և բեղմնավորումը:
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով կստեղծվի մանրաձկների բացթողման և վայրի պոպուլյացիայի ձևավորման մասնագիտացված կենտրոն, որտեղ հնարավոր կլինի վերահսկել պաշարների վերականգնման բոլոր փուլերը, սկսած մանրաձկան բացթողումից մինչև մայրական վտառի վերադարձ և մանրաձկան վերարտադրություն, որի արդյունքում այդ աշխատանքները կնպաստեն Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման գործընթացի առավել արդյունավետ իրականացմանը:
Դեռևս 2016 թ. «Սևան Ակվա»–ին կրկին առանց մրցույթի, 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրվել էր 0,6445 հա հողամաս Կարճաղբյուր համայնքի ափամերձ տարածքից, իսկ բուն ցանցավանդակները տեղակայվել էին ափից մոտ 8 կմ հեռավորության վրա: Այս նոր հողամասի տրամադրումը պայմանավորված է երկրորդ ցանցավանդակային տնտեսության տեղակայմամբ:
Ըստ այս նախագծի՝ ակնկալվում է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսված ձկան արտադրության արժեշղթայի օղակների գործունեության արդյունավետ կազմակերպումը, որի արդյունքում ձևավորված միջոցները կուղղվեն Սևանա լճի հիմնախնդիրների լուծմանը և կնպաստեն Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնմանը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ