2018 թվականին Հայաստանում տեղի կունենա սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը
SPORTՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը 2018 թվականին Հայաստանում անցկացվելիք սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքների հարցերն է քննարկել սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Յուլիուս Կրալիկի հետ:
«ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի հետ համատեղ կանի առավելագույնը՝ Եվրոպայի առաջնությունն Երևանում բարձր մակարդակով անցկացնելու համար: Վստահ եմ, որ Երևանում եվրոպական երկրների լավագույն երիտասարդ սուսերամարտիկների մրցելույթները կնպաստեն Հայաստանում այս մարզաձևի զարգացմանը և ավելի մասսայականացմանը, իսկ եվրոպական բոլոր երկրներում առաջնության լուսաբանումը հաջողությամբ կարող է ծառայել մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է նախարարի տեղակալը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` պարոն Կրալիկը նշել է, որ սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիան կանի ամեն ինչ, որպեսզի առաջնությունն ընթանա եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխան:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը, ով նախարարի տեղակալին տեղեկացրել է առաջնության կազմակերպչական աշխատանքների ընթացքի մասին:
Սուսերամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունն իրենց երկրում անցկացնելու համար պայքարել են երկու երկիր՝ Հայաստանը և Իսրայելը: 2018 թվականին Երևանում անցկացվելիք առաջնությունը կտևի 5 մրցութային օր՝ ապրիլի 15-20-ը, որին կմասնակցեն եվրոպական բոլոր երկրների շուրջ 500 սուսերամարտիկ: