Դանի Ալվես. «Յուվենտուսում» ինձ չէին հասկանում ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս
SPORTՖրանսիական ՊՍԺ-ի նորեկ Դանի Ալվեսը պատմել է, թե ինչու է հեռացել Թուրինի «Յուվենտուսից»:
«Սկզբում հանդիպեցի դժվարությունների: Ինձ չէին հասկանում ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Ինձ որոշ ժամանակ էր հարկավոր, որպեսզի մեր համագործակցությունը լիներ արդյունավետ: Հանդերձարանում մեզ թույլ չէին տալիս լսել երաժշտություն, իսկ ես չեմ կարող ապրել առանց դրա ու պարերի:
Ես խենթ չեմ, որը ցանկանում է փոխել բոլոր օրենքները: Ինձ դուրս է գալիս, երբ իշխում է ուրախ մթնոլորտը, իսկ թիմը միասնական է: Այնտեղ ինձ նայում էին կասկածանքով: Ժամանակի հետ ամեն բան ավելի լավ դարձավ, իսկ «Յուվենտուսը» սկսեց անցկացնել հրաշալի մրցաշրջան»,- Ալվեսի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ 34-ամյա բրազիլացին ՊՍԺ-ի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: Ալվեսն ազատ գործակալի կարգավիճակով է միացել փարիզյան ակումբին, որի կազմում կխաղա 32 համարի մարզաշապիկով: Ավարտված մրցաշրջանում նա հանդես էր գալիս «Յուվենտուսում», որի հետ պայմանագիրը խզել էր վերջերս: