Էրդողանը միաժամանակ փոխել է վեց նախարարի՝ այդ թվում ռազմական գերատեսչության ղեկավարին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավորումը ստանձնելուց հետո իրականացրել է խոստացված կադրային փոփոխությունների առաջին փուլը:
Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, այսօր Անկարայում Էրդողանի ու վարչապետ Բինալի Յըլդըրըմի միջև 2 ժամ տևած քննարկումից հետո որոշվել է փոխել միանգամից վեց նախարարի:
Արդեն հայտնի է դարձել, որ Թուրքիայի նոր պաշտպանության նախարար է նշանակվել Նուրեթթին Ջանիկլին, արդարադատության նախարարի պաշտոնում է նշանակվել Աբդուլ Համիդ Գյուլը, երիտասարդության և սպորտի նոր նախարարն է Օսման Աշքըն Բաքը, փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն այսուհետ կստանձնի մշակույթի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը, առողջապահության նոր նախարարն է Ահմեդ Դեմիրջանը, գյուղատնտեսության և անասնապահության նախարարի պաշտոնում է նշանակվել Ահմեդ Էշրեֆ Ֆաքըբաբան:
Պաշտպանության արդեն նախկին նախարար Ֆիքրի Ըշըքը հայտնվել է նոր փոխվարչապետերի ցանկում, նրա հետ միասին փոխվարչապետի պաշտոն են ստացել Ռեջեփ Աքդաղը, Հաքան Չավուշօղլուն, Բեքիր Բոզդաղը և Մեհմեդ Շիմշեքը:



