Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին
SOCIETYԱրցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Առիթն օգտագործելով՝ Արցախի նախագահը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ և իր գոհունակությունը հայտնելով Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված փոխգործակցության արդյունքներից՝ ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն, իրոք, ուրույն և կարևոր դերակատարում ունի Արցախի կյանքում, ինչն առանձնակի է գնահատվում արցախահայության կողմից: Կարևորելով նաև Արցախի շրջանների հետ Երևանի վարչական շրջանների սերտ համագործակցությունը, Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ դրանք ևս կհասնեն այն մակարդակին, ինչպիսին է Երևանի և Ստեփանակերտի փոխգործակցությունը:
«Արցախի հետ հարաբերությունների ամրապնդման ծրագրերը Ձեր մշտական ուշադրության կենտրոնում են, ինչն իսկապես գնահատելի է, պարոն քաղաքապետ: Բոլորս ենք տեսնում, թե որքան սերտ է Երևանի և Ստեփանակերտի երկուստեք փոխգործակցությունը, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել ու կոչվում: Լիահույս եմ, որ նույն ակտիվությունը կփոխանցվի նաև Երևանի վարչական շրջանների և Արցախի շրջանների միջև հարաբերություններին: Համոզված եղեք, որ Արցախում բարձր են գնահատում Երևանի հետ սերտ համագործակցությունը, ու վստահ եմ, որ Դուք և Ձեր թիմն այսուհետ ևս, հետևողականորեն կշարունակեք ձեր կարևոր ներդրումն ունենալ Արցախի շարունակական զարգացման և հզորացման գործում», - նշել է Բակո Սահակյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին շնորհավորել է Բակո Սահակյանին Արցախի խորհրդարանում` մեծամասնության քվեարկությամբ երկրի ղեկավարի բարձր պաշտոնը ստանձնելու առթիվ` մաղթելով քաջառողջություն և հաջողություններ՝ ի բարօրություն Արցախ աշխարի և ի շահ արցախցիների:
Այնուհետ Երևանի քաղաքապետը Արցախի Հանրապետության նախագահին ընդհանուր գծերով ներկայացրել է Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված համաձայնագրով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ու իրականացվող ծրագրերի ընթացքը և վստահեցրել, որ նախանշված բոլոր ուղղություններով առաջիկայում ևս աշխատանքները կլինեն շարունակական:
«Համոզված եղեք, պարոն նախագահ, որ մենք իրոք առանձնակի ենք կարևորում Արցախի հետ կապերի ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը, որը ինչպեսև նշեցիք, իսկապես, բավականին արդյունավետ զարգացումներ է գրանցում: Եվ վստահեցնում եմ Ձեզ, որ մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական, ավելին, մեր առանձնակի ուշադրության կենտրոնում է լինելու համեմատաբար խոշոր ծրագրերի ու մասշտաբային նախաձեռնությունների կյանքի կոչումը, որոնք իրենց հերթին նպաստելու են Արցախի դինամիկ զարգացմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել է, որ պատասխանատուները նույն նվիրումով շարունակելու են անել հնարավորը՝ հայկական երկու պետությունների զարգացման ու առաջընթացի համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



