Էրդողանը վտանգի է ենթարկում թուրք-գերմանական հարյուրամյա գործընկերությունը. Գերմանիայի ֆինանսների նախարար
INTERNATIONAL NEWSԳերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խաղ է անում թուրք-գերմանական հարաբերությունների հետ և վտանգի ենթարկում հարյուրամյա գործընկերությունը։
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, գերմանացի նախարարը շեշտել է, որ թեև Գերմանիային և Թուրքիային միավորող շատ բան կա՝ Գերմանիան թույլ չի տա, որպեսզի թուրքական կողմն իրենց շանտաժի ենթարկի։
Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Ստամբուլի կղզիներում ձերբակալված մարդու իրավունքների պաշտպաններից մեկը, ով Գերմանիայի քաղաքացի է հանդիսանում, չի արտահանձնվի Գերմանիային, եթե թուրքական արդարադատությունն այդպես հարմար չգտնի։
Ավելի վաղ թուրք-գերմանական հարաբերությունները հերթական անգամ սրվել էին Թուրքիայի Կոնիա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազայի շուրջ ստեղծված թուրք-գերմանական ճգնաժամի պատճառով։
Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը, խոսելով Կոնիայի ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցելության մասին, նշել էր, որ նրանց այցը ժամանակավորապես հետաձգվել է երկու երկրների միջև առկա լարված հարաբերությունների պատճառով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ նրանց այս իրավունքն ու պահանջը չի կարող օգտագործվել Թուրքիայի հետ այլ թեմաների շուրջ քաղաքական քննարկումների մեջ և եթե Թուրքիան փորձի պայմաններ առաջադրել՝ միանշանակ կմերժվի:



