Հրաչյա Ռոստոմյանը ընդունել է Համահոմենթմենական 10-րդ մարզախաղերի կազմակերպիչներին
SPORT: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ) ներկայացուցիչներին՝ Հ.Մ.Ը.Մ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի ղեկավարությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող համահայկական մարզական միջոցառումների շարքում իր հաստատուն տեղն ունեն նաև Համա-Հ.Մ.Ը.Մ-ական մարզական խաղերը:
«Այսօր Երևանում են հավաքվել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնց համար հայրենիքում անցկացրած ժամանակը ոչ միայն մարզական ստուգատես է լինելու, այլև կարող է հայրենիքի ճանաչողության և հայ հասակակիցների հետ ընկերանալու լավ հնարավորություն դառնալ»,- ասել է նախարարը և ավելացրել, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանի խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար:
Հ.Մ.Ը.Մ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ ցուցաբերած աջակցության համար և նշել, որ նաև նախարարության աջակցության շնորհիվ է հնարավոր եղել հայրենիքում հավաքել մարզախաղերի շուրջ 1300 մասնակիցներին: «Մարզաձևերի ազգային ֆեդերացիաները, մարզակառույցների ղեկավարները, բոլորը առանց որևէ խոչընդոտ ստեղծելու օգնում են 10-րդ հոբելյանական մարզախաղերը Հայաստանում հաջողությամբ անցկացնելուն»,- ասել է նա և տեղեկացրել, որ այս մարզախաղերը նվիրված են Հ.Մ.Ը.Մ-ական շարժման 100-ամյակին:
Նշենք, որ Հ.Մ.Ը.Մ.-ական 10-րդ մարզախաղերին մասնակցում են մարզիկներ 19 երկրների 21 մասնաճյուղերից: Մասնակիցների տարիքը 14-35 է, որոնք կմրցեն 9 մարզաձևերում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, թենիս, ատլետիկա, սեղանի թենիս, լող և շախմատ:
Մարզախաղերը, որոնց պաշտոնական մեկնարկը տրվել է հուլիսի 22-ին, կտևեն մինչև հուլիսի 29-ը: