Հայաստանից ծիրանի արտահանման աննախադեպ աճ է գրանցվել
ECONOMICSԱյս տարվա հուլիսի 26-ի դրությամբ` Հայաստանից արտահանվել է 65 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: Հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
«Այս տարի արդեն 26 հազար տոննա միայն ծիրան է արտահանվել, նախորդ տարի այն կազմել է 19 հազար 900 տոննա: Վերջին 7 տարիների ընթացքում նման ցուցանիշ չի արձանագրվել: Ծիրանի արտահանումը շարունակվում է, քանի որ սառնարաններում դեռևս մնացել է պահեստավորված ծիրան : Ելակի արտահանումը կազմել է 2500 տոննա, որը երկու անգամ գերազանցել է նախորդ տարվա ծավալը: Հանրապետությունից արտահանվել է 5400 տոննա կարտոֆիլ, նախորդ տարվա համեմատ դա երեք անգամ ավել է: Արտահանման հիմնական երկրներն են` Ռուսաստանի Դաշնություն` 62 հազար տոննա, Վրաստան, ԱՄԷ, Բելառուս և Ուկրաինա»,- նշեց Մակարյանը:
Նրա խոսքով` հանրապետությունում վերամշակող ընկերությունների կողմից հուլիսի 26-ի դրությամբ մթերվել է 10 հազար 500 տոննա պտուղ-բանջարեղեն, որից 1330 տոննան՝ բանջարաղեն, 9170 տոննան՝ պտուղ:
«Միայն 7300 տոննա ծիրանից է մթերվել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 7100 տոննա պտուղ-բանջարեղեն: Այս տարի շուրջ 67 տոկոս աճ է գրանցվել»,- նշեց Մակարյանը: