«Ուլիս-Երևան» ծախված խաղի հետքերով. ամբաստանյալներից մեկը ճանաչվել է անմեղսունակ. «Ժողովուրդ»
SPORT«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայկական ֆուտբոլային «Ուլիս-Երևան» ակումբի մարզիչների կողմից կաշառք ստանալու, ասել է թե՝ խաղը վաճառելու առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությամբ ամբաստանյալներից մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը ճանաչվել է անմեղսունակ և դատարանի որոշմամբ ուղարկվել հարկադիր բուժման:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դատարանը Առուշանյանի առողջականի հետ կապված մի քանի անգամ փորձաքննություն է նշանակել, և հաստատվել է, որ նա ունի լուրջ առողջական խնդիրներ:
Ինչ վերաբերում է մյուս ամբաստանյալներին՝ գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանին, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանին, ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանին, ապա նրանց դատաքննությունը դեռ շարունակվում է:
Հիշեցնենք՝ նրանք մեղադրվում են այն բանում, որ բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները՝ ստացել են ապօրինի շահույթ: Իսկ խաղի կանխատեսելի արդյունքները հնարավոր է եղել ապահովել կաշառքի միջոցով: Սակայն որևէ մեկն իր մեղքը չի ընդունում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։