Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում
SPORTՀայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանն անդրադարձել է Չեմպիոնների միջազգային Գավաթ ընկերական մրցաշարի վերջին` «Բարսելոնայի» հետ խաղին, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում օգոստոսի 8-ին կայանալիք Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը:
«Մեզ չհաջողվեց հաղթել «Բարսելոնա»-ին, բայց կարևորը վնասվածքներ չկան: Նախքան Մադրիդի «Ռեալի» հետ ՈւԵՖԱ-ի Սուպերագավաթի խաղը, ունենք ևս երկու ընկերական հանդիպում: Հուսով եմ, այդ խաղին կմոտենանք օպտիմալ մարզավիճակում: Դեռևս ունենք 10 օր մրցաշրջանը լավ մարզավիճակում սկսելու համար: Կարծում եմ, մարզիչը կասի, թե ինչ է պետք անել «Ռեալի» հետ այդ խաղին լավ պատրաստվելու համար: Բոլորը գիտակցում են, որ դա շատ կարևոր խաղ է: Հաղթանակի պարագայում` տիտղոս ենք նվաճում»,- ասել է Մխիթարյանը:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը գնահատել է մարզասերների աջակցությունն ԱՄՆ-ում. «Իհարկե, միշտ հաճելի է տեսնել լեփ-լեցուն մարզադաշտեր և սա ոչ թե Անգլիայում է կամ Իսպանիայում, այլ Միացյալ Նահանգներում է: Այստեղ ևս մեծ է հետաքրքրությունը ֆուտբոլի հանդեպ: Մարդիկ գալիս են մարզադաշտ և դա իրենց համար տոն է: Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի նրանք բավականություն ստանան խաղից»:
Հայաստանի հավաքականի ավագը շնորհակալություն է հայտնել նաև հայ երկրպագուներին ակտիվ աջակցության համար:
«Մենք 5 հանդիպում ենք անցկացրել, և յուրաքանչյուր խաղում տեսել եմ հայկական դրոշներ և հայերի: Շնորհակալ եմ բոլոր հայերին և բոլոր ֆուտբոլասերներին, որոնք եկել են մարզադաշտ և աջակցել մեզ»,- նշել է Մխիթարյանը: