Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը բավականին ուժեղ կազմ ունի
SPORTԻրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 30-ին ընդունել է Իրանի Կենտրոնական նահանգի պատվիրակությանը՝ Սավեի գավառապետ Մոհամմադ Բահարվանդի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, պատվիրակության այցը տեղի է ունեցել դեսպան Թումանյանի՝ հուլիսի 4-ից 5-ը ԻԻՀ Կենտրոնական (Մարքազի) նահանգ կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
Պատվիրակության կազմում էին նաև Մարքազիի նահանգապետարանի, Քավե և Ավե արդյունաբերական ավանների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք ընկերությունների գլխավոր տնօրեններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանական ընկերությունների՝ Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու հնարավորությունները: Ըստ գավառապետ Մոհամմադ Բահարվանդի՝ այդ ընկերությունները ցանկություն են հայտնել ընդգրկվել նաև օգոստոսին Հայաստան, մասնավորապես՝ Տավուշի մարզ մեկնող պատվիրակության կազմում:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք ընդհանուր հարցեր, այդ թվում՝ Հայաստան-Իրան տնտեսական կապերի ամրապնդման, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, Հայաստանում ներդրումներ կատարելու և իրանական ապրանքները Հայաստանի տարածքով ԵԱՏՄ երկրներ փոխադրելու հնարավորությունները:
Դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը, օտարերկրյա ներդրումների համար ստեղծված պայմանները, առևտրային ռեժիմները, ազատ տնտեսական գոտիների առավելությունները, հարկային և մաքսային օրենսդրության որոշ պահանջներ և մի շարք այլ հարցեր: Առանձին անդրադարձ է եղել ԵԱՏՄ շուկա իրանական ապրանքների արտահանման խնդիրներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ այցերի կազմակերպմամբ բարձրացնել փոխճանաչողության մակարդակը: