Քենիայում տանջել ու սպանել են ընտրական հանձնաժողովի անդամին
INTERNATIONAL NEWSՔենիայում նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ սպանվել է ընտրական հանձնաժողովի անդամը։ Մահից առաջ նրան դաժանաբար տանջել են, հայտնում է AP-ն։
Քենիայի ընտրական հանձնաժողովի նախագահ Վաֆուլ Չեբուկատիի խոսքով, Քրիստոֆեր Մսանդրոն մի քանի օր առաջ էր անհետացել։ Զոհվածի վզին ու գլխին հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք վկայում են կտտանքների մասին։
«Մեր աշխատակցին դաժանաբար սպանել են ու մենք պահանջում ենք իմանալ, թե ով է նրան սպանել ու ինչու»,- ասել է Չեբուկատին։ «Մենք կառավարությունից պահանջում ենք ապահովել ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների անվտանգությունը»։
Մսանդրոն պատասխանատու էր տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի կառավարման համար։ Մսանդրոն հրապարակավ փորձում էր ընտրողներին համոզել, որ ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու։ Չեբուկատին հայտնել է, որ տեխնոլոգիայի փորձնական գործարկումը հետաձգվել է, քանի որ Մսանդրոն վճռորոշ դեր էր կատարում այդ գործընթացում։



