10+ ապացույց առ այն, որ պետք չէ նախանձել Instagram-ի անթերի կազմվածքով աղջիկներին http://past.agency/?p=167142&l=am
SPORTՆոր մրցաշրջանի մեկնարկին ընդառաջ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» համալրվել է ևս երկու ֆուտբոլիստներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից, «Ալաշկերտ» են տեղափոխվել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպաններ Աշոտ Սարդարյանը և Նաիրի Մինասյանը: Պայմանագրերը նախատեսված են մինչև 2020 թվականը:
25-ամյա եզրային կիսապաշտպան Աշոտ Սարդարյանը նախորդ երկու մրցաշրջանների ընթացքում հանդես էր գալիս Լյուքսեմբուրգի «Ժենես» ակումբում: Մինչ այդ Սարդարյանը երկու մրցաշրջան է անցկացրել Երևանի «Փյունիկի» կազմում, 1 գոլ է խփել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրած 4 խաղերում` գրավելով Իսլանդիայի հավաքականի դարպասը: Պայմանագրի ստորագրումից հետո Սարդարյանը կիսվել է իր տպավորություններով:
«Հիանալի տպավորություններ ունեմ, թիմում շատ ուժեղ ֆուտբոլիստներ են հավաքված: Հետևում էի «Ալաշկերտի» մրցելույթներին և կարող եմ ասել, որ շատ լավ թիմ եմ տեղափոխվել: Պետք է պահպանենք չեմպիոնական տիտղոսը և մեկ քայլ առաջ կատարենք Չեմպիոնների լիգայում: Ամեն ինչ կանեմ «Ալաշկերտին» առավելագույնս օգնելու, ինչպես նաև` հավաքականի մարզիչների ուշադրությանը արժանանալու համար»,- ասել է Սարդարյանը:
Իսկ 21-ամյա կենտրոնական կիսապաշտպան Նաիրի Մինասյանը, որը ներկայացրել է Հայաստանի բոլոր տարիքային հավաքականները, հրավիրվել է նաև ազգային հավաքական, ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել Երևանի «Բանանցի» կազմում: «Պատրաստ եմ ներդնել ամբողջ ուժերս` «Ալաշկերտի» հաջողություններին նպաստելու համար»,- իր հերթին նշել է Մինասյանը: